«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովում 2008թ. Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման դեպքում ՀԱԿ-ը ցանկանում է լուծել գոնե 10 զոհերի հարազատներին և վիրավորվածներին փոխհատուցում տալու հարցը: Խորհրդարանի քննարկումների օրակարգ ընդգրկված՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի երկրորդ կետում նշված է, թե «սպանվածների իրավահաջորդները, մարմնական վնասվածքներ ստացած անձինք մինչև օրս չեն օգտվել ՀՀ Սահմանադրությամբ ունեցած դատական պաշտպանության իրավունքից և չեն ստացել օրենքով նախատեսված համապատասխան փոխհատուցում»:
Այսինքն՝ ՀԱԿ-ը հասկանում է, որ ժամանակավոր հանձնաժողովը որևէ իրավական խնդիր չի կարող լուծել և չի կարող բացահայտել այդ իրադարձությունների մեղավորներին, ինչպես եղավ նախորդ ժամանակավոր հանձնաժողովի դեպքում: Որ իրավապահ մարմինները այդ բացահայտումները կկատարվեն իշխանությունների քաղաքական որոշման և հանձնարարության դեպքում՝ ակնկալելը միամիտ կլինի: Եվ ՀԱԿ-ը փորձում է լուծել գոնե նվազագույն՝ փոխհատուցման խնդիրը:
Հայտնի է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը 2011թ. մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքում իշխանություններից պահանջել էր փոխհատուցել զոհերի հարազատներին և վիրավորվածներին: ՀԱԿ առաջնորդը հայտարարել էր, որ 10 զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին պետք է հատկացվի 1 մլն դոլար փոխհատուցում, իսկ վիրավորվածներին՝ առնվազն հարյուր հազար դոլար:
Եվ մինչ ՀԱԿ-ում նման ակնկալիքներ ունեն, ԱԺ ղեկավարությունը՝ Հովիկ Աբրահամյանի և Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, ծրագրում է այդ ժամանակավոր հանձնաժողովի միջոցով որոշակի ազդեցության լծակներ ձեռք բերել Ոստիկանության, Գլխավոր դատախազության և Հատուկ քննչական ծառայության վրա: Հ. Աբրահամյանը խնդիրներ ունի Ոստիկանության, իսկ Դ. Հարությունյանը՝ Գլխավոր դատախազության հետ:
Իսկ թե որքանով ՀԱԿ-ին կհաջողվի լուծել Մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում տուժածների փոխհատուցման հարցը, իսկ Հ. Աբրահամյանին ու Դ. Հարությունյանին՝ վերը նշված գերատեսչությունների ղեկավարների վրա ազդեցություն բանեցնելու հարցը՝ պարզ կդառնա ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների արդյունքում: Իսկ այդ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին ԱԺ որոշման նախագիծը թեև գտնվում էր մարտի 18-21-ի քառօրյա նիստերի օրակարգում, բայց այն այդպես էլ չդրվեց քննարկման: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, թե ի վերջո՝ այն ե՞րբ է դրվելու քննարկման, Հ. Աբրահամյանը պատասխանել է, թե հաջորդ քառօրյային, քանի որ Հայաստանում չէ նախագծի հարակից զեկուցող Դ. Հարությունյանը:
Իսկ ԱԺ հաջորդ քառօրյան տեղի է ունենալու արդեն ապրիլի 8-11-ը: Նախագիծը, հավանաբար, կքննարկեն ապրիլի 10-11-ին, որ այն չմթագնի ապրիլի 9-ին կայանալիք՝ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որը տեղի է ունենալու ԱԺ հատուկ նիստում:










































