Սահմանադրական փոփոխությունները քաղաքական դաշտում նոր խմորումների սկիզբ են դնում։ Ընդդիմադիր ու իշխանամետ քաղաքական ուժերը դերերով փոխվում են։ Սա մասնավորապես վառ արտահայտված է ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի մոտ։ ԲՀԿ-ն, որը ոչ վաղ անցյալում կոկորդ էր պատռում, թե այդ փոփոխությունները բացառապես ռեժիմի վերարտադրման նպատակով են, ինչին իրենք դեմ են, հիմա արդեն նույն կրքով հրաժարվում են «ոչ»-ի ճակատից։ Իսկ ոչ վաղ անցյալում իշխանության կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը, հիմա ԲՀԿ-ի նախկին կրքով պնդում է, որ դեմ են այս փոփոխություններին և «ոչ»-ի ճակատում են լինելու։
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերահաստատեց, որ դեմ են այդ նախագծին, քանի որ իրենց հինգ առաջարկը չի ընդունվել։ Փաստորեն այս պահի դրությամբ հստակ դեմ են ՕԵԿ-ը, ՀԱԿ-ն ու Ժառանգությունը։ Հարցին, թե հնարավո՞ր է միասնաբար պայքարեն այդ նախագծի դեմ, որը պաշտպանում են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և դեռևս կիսով չափ ԲՀԿ-ն, Բիշարյանը պատասխանեց.
«Մենք ասում ենք՝ այս պահին մենք չենք փոխում մեր մոտեցումը, դեմ ենք այս փոփոխությանը, բայց քանի որ մենք այս շաբաթ քննարկումներ ենք ունենալու, Ազգային ժողովում էլ են քննարկումներ լինելու՝ նախագահի ներկայացուցչի մասնակցությամբ, այդ քննարկումների արդյունքում Ձեր նշած ուժերի հետ վերջնական միավորման մոտեցման մասին մենք կխոսենք։ Մենք մշտապես ասել ենք՝ եթե լինեն այնպիսի քաղաքական հարցեր, որոնք մեր պետության ու ժողովրդի համար կարևոր են, մենք պատրաստ ենք համագործակցել»։
Բայց մինչ այդ որոշումն արդեն ՕԵԿ-ի «ոչ»-ն այլ կերպ է հանրությանը ներկայացվում։ Կարծիքներ կան, որ Արթուր Բաղդասարյանը չի համարձակվի ինքնակամ պայքարել Սերժ Սարգսյանի նախագծի դեմ, և այդ ճամբարը ղեկավարում է Սերժ Սարգսյանի «դաբրոյով»՝ որպես այլընտրանքային «ոչ», որը հանրությանը կշեղի արմատական «ոչ»-ի պայքարից։ Այս կարծիքները խիստ վրդովեցրին Հեղինե Բիշարյանին.
«Դա լկտի, տականք, այլանդակ սուտ է, Արթուր Բաղդասարյանը չի կարող որևէ մեկի հանձնարարությամբ որևէ ճակատ ձևավորել, նրան ճանաչողները նման կարծիք չունեն։ Եթե համագործակցության խնդիրներ լինեին, վաղուց բոլորը տեղյակ կլինեին։ Այդ բամբասանքները այն ներքաղաքական ուժերին է ձեռնտու, ովքեր համոզված են, որ «ոչ»-ի շուրջ համագործակցող կամ խոսող քաղաքական ուժերին ի սկզբանե կարող են վարկաբեկել։ Մտածում են, որ կկարողանան որակազրկել նրանց, ովքեր «ոչ» են ասելու այս փոփոխություններին»։
Բիշարյանը հայտարարեց, որ թքած ունեն այդ տեսակ կարծիքների ու դրանց տարածողների վրա. «Մենք թքած ունենք այդ տեսակ բամբասանքների վրա, հստակ դիրքորոշում ունեցող քաղաքական ուժ ենք, և այն գործողություններն ու քայլերը, որ կատարում ենք, հրապարակավ ասում ենք դրանց մասին։ Որոշ ուժեր, սահմանադրական փոփոխությունների կամ քաղաքական դաշտի ակտիվությամբ պայմանավորված, սկսել են մեզնից բամբասել, քանի որ Արթուր Բաղդասարյանը կարևոր, ծանրակշիռ քաղաքական գործիչ է ու ծանրակշիռ քաղաքական միավոր է ստեղծել, ինչը քաղաքական նախանձի, մտահոգության տեղիք է տվել չարախոսներին ու ստախոսներին։ Ովքեր որ վառված են, մտահոգված են Արթուր Բաղդասարյանով և չարության մեխանիզմն են դրել շրջանառության մեջ, խորհուրդ կտամ ոտքերը սառը ջուր դնեն կամ սառը ցնցուղ ընդունեն»,- հայտարարեց Բիշարյանը հռետորական հարց հնչեցնելով. «Իսկ եթե «Օրինաց երկիրը» պաշտպաներ սահմանադրական փոփոխությունները, այն ժամանակ ի՞նչ էին ասելու, ուղղակի դիմում եմ լկտի, ստահոդ լուր տարածողներին՝ ի՞նչ էիք հորինելու այդ ժամանակ»։











































