Ամերիկյան Կոլորադո նահանգի նահանգապետ Ջոն Հիքենլուպերը նոր օրենք է ստորագրել զենքի նկատմամբ վերահսկողության մասին: Օրենքը ստորագրվել է 8 ամիս անց այն բանից, երբ նահանգի Ավրորա քաղաքի կինոթատրոնում Բեթմենի մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ 24-ամյա Ջեյմս Հոլմսը հրաձգություն իրականացրեց՝ խլելով 12 մարդու կյանք: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նոր օրենքը սահմանափակում է փամփշտակալի չափը, սահմանում գնորդի ստուգման համընդհանուր կանոններ, այդ թվում՝ համացանցով զենքի գնման դեպքում:
Օրենքը ստորագրվել է նահանգում աղմկալի սպանության ֆոնին: Կոլորադոյի ոստիկանությունը փնտրում է տղամարդուն, որը երեքշաբթի երեկոյան սպանել էր նահանգի բանտային ծառայության ղեկավար Թոմ Կլեմենթսին՝ իր տան շեմին: Չարագործը սեղմել էր զանգի կոճակը, իսկ երբ Կլեմենթսը դուռը բացել էր, հանցագործը նրա գլխին էր կրակել:
Կոլորադոն դարձել է Նյու Յորքից հետո երկրորդ նահանգը, որը սահմանել է օրենսդրական հատուկ վերահսկողություն զենքի վաճառքի և կիրառման նկատմամբ:










































