Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի տասներկուերորդ օրն է, նա իրեն լավ է զգում: Վաղ առավոտից նրան այցելում են քաղաքացիներ՝ հայտնելու իրենց զորակցությունը: Միաժամանակ շարունակվում է ստորագրահավաքը, որով քաղաքացին պարտավորվում է մասնակցել ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը և ընդունում է նրա հաղթանակը: Ստորագրահավաքին մասնակցողների ակտիվությունը բարձր է գնահատվում:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին էր այցելել նաև երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, որ այսօր դեռ լուծված չէ հետևյալ հարցը՝ նախագահի աթոռին նստած է մի մարդ, որը չընտրված է. մենք ունենք չընտրված պրեզիդենտ և ընտրված չպրեզիդենտ:
Ապրիլի 9-ին Ռուբեն Հախվերդյանը պատրաստվում է գալ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը:
Հարցին՝ հասարակության մոտ գիտակցական փոփոխություն տեղի ունեցա՞վ, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց, որ հասարակությունը միշտ էլ գիտակից է եղել, միշտ էլ հասկացել է, միշտ էլ ինքն իրեն ոտքի է կանգնել. ոչ թե Րաֆֆիին են ընտրել, այլ չեն ընտրել Սերժիկին:
Իսկ հարցին՝ Լևոն Իգիթյանն ասում է… Ռուբեն Հախվերդյանը չթողեց ավարտել հարցը՝ ասելով, որ ինքը Լևոն Իգիթյանին չի ճանաչում:
Իսկ ինչո՞ւ փոխվեց մտավորականի տեսակը: Ըստ Ռուբեն Հախվերդյանի՝ մտավորական ե՞րբ է եղել. մեր մտավորականը մեր գյուղացին է, մեր քաղաքացին. «Մտավոռական գիտեմ, մտավորական՝ չէ»,- ավելացրեց նա:










































