Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բոլիվիական Մադիդի ազգային պարկում կատարված գիտական արշավի շրջանակներում հայտնաբերվել է չղջիկի հազվադեպ տեսակ։ Չղջիկի այդ տեսակը աչքի է ընկնում նրանով, որ իր մարմնի համեմատ բավական երկար լեզու ունի։
Այն կարող է հասնել մինչև 8.5 սանտիմետրի, ինչը հնարավորություն է տալիս հասնել արևադարձային խոր ծաղիկների նեկտարին։ Լեզվի հիմքը գտնվում է չղջիկի կրծքավանդակում։
Չնայած բացառիկ երկար լեզվին՝ կենդանին բազմատեսակ «ճաշացանկ» ունի և սնվում է նաև միջատներով։
Չղջիկի այս տեսակի մասին շատ քիչ բան է հայտնի։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է մոտ 10 տարի առաջ Էկվադորի արևադարձային անտառներում։ Դրանից հետո այդ հազվադեպ կենդանիների մասին եղել է գիտական երեք հրապարակում։











































