Ֆրանսիական աջակողմյան UNI ուսանողական կազմակերպությունը չորեքշաբթի Փարիզի Հաղթական կամարի մոտ ամրացրել է պաստառ՝ ընդդեմ Ֆրանսիայում միասեռական ամուսնությունների ու միասեռական ընտանիքների կողմից երեխաներ որդեգրելու թույլտվության: Այս մասին հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Ակցիայի մասնակիցները բարձրացել էին Հաղթական կամարի վրա, այնտեղից պարաններ իջեցրել, որոնց ամրացրել են սև պաստառ՝ հետևյալ գրությամբ. «Օլանդ, դու լսո՞ւմ ես քո ժողովրդին»:
Այն կախված է մնացել մի քանի րոպե՝ մինչ գործին կմիջամտեր Փարիզի ոստիկանությունը՝ հայտնում է RIA Novosti-ն:
Միասեռական ամուսնությունների հակառակորդները մտադիր են կիրակի անցկացնել բողոքի բազմահազարանոց ակցիա Ելիսեյան դաշտերում:
Անցած շաբաթ Փարիզի ոստիկանությունը զգուշացրել էր, որ թույլ չի տա բողոքի ակցիա անցկացնել այդ փողոցում՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
Միասեռական ամուսնությունների օրինականացումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն էր:











































