Թուրքիան կանգնած է պատմական իրադարձության շեմին: Այսօր Քրդստանի աշխատավորական կուսակցության բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը մտադիր է դիմել իր զինակիցներին զենքը վայր դնելու և թուրք-քրդական 30-ամյա հակամարտությունը դադարեցնելու կոչով: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Անկարայում անհամբերությամբ սպասում են այդ իրադարձությանը: Այն կդառնա քրդական խնդրի լուծման ելակետ և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ երկրի իշխանության հաղթանակը:
Մարմարի ծովի Իմրալի կղզու բանտում ցմահ ազատազրկված Օջալանի կողմից պատմական հայտարարություն անելու մտադրության մասին հայտնի է դարձել շաբաթվա սկզբին: Այդ ժամանակ Իմրալիից վերադարձել է «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ խորհրդարանական կուսակցության փոխնախագահ Սելահաթին Դեմիրթաշի գլխավորած պատվիրակությունը: Հենց նա էլ հայտարարել է քուրդ զինյալների կողմից ռազմական գործողությունների դադարեցման կոչ անելու Օջալանի պատրաստակամության մասին: Հինգշաբթի սպասվող ուղերձը համընկնում է Նովրուզի հետ, որը քրդերի համար նշանավորում է Նոր տարվա գալը:








































