Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ղազախստանի Լ. Գումիլևի անվան եվրասիական ազգային համալսարանի պատվիրակությանը` ուղեկցությամբ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը ողջունեց երկու բարձրագույն կրթական հաստատությունների միջև նոր ձևավորվող համագործակցությունը` բարի արդյունավորում մաղթելով ձեռնարկված համատեղ աշխատանքներին: Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց գիտության մշակների առաքելությունը ոչ միայն գիտության զարգացման, այլև արժանավոր քաղաքացիներ, ազգի նվիրյալ զավակներ կերտելու գործում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց միջկրոնական հարաբերություններին և Հայ Առաքելական Եկեղեցու ներգրավվածությանը միջկրոնական երկխոսության մեջ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ վերհիշեց իր այցելությունը Ղազախստան Կրոնական առաջնորդների համաժողովի առիթով` գնահատանքով նշելով այն կարևոր ներդրումը, որ Ղազախստանի Հանրապետության նախագահն ունի կրոնների և ժողովուրդների միջև համերաշխության, խաղաղ և անվրդով համագործակցության հաստատման գործում:









































