Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանը նախկինի նման շարունակելու է Ռուսաստանի հանդեպ պրագմատիկ քաղաքականությունը։
Աբաշիձեն նման կերպ է մեկնաբանել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի այն հայտարարությունը, որ պետք է պահպանել «Աբաշիձե-Կարասին» ձևաչափը։ Աբաշիձեի խոսքով՝ Վրաստանի արևմտյան գործընկերները աջակցում են ռուս-վրացական երկխոսության շարունակմանը:
«Մեր գործընկերները լավ են հասկանում, որ երկխոսությունը, որքան էլ այն բարդ լինի, այլընտրանք չունի։ Միևնույն ժամանակ, նրանք ձգտում են, որ մենք հաղթահարենք նոր բարդություններն ու վտանգները»,- ասել է նա։
Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանում ընդդիմադիր մի շարք ուժեր իշխանություններին մղում են Ռուսաստանի հանդեպ ճակատագրական սխալներ անելուն, ինչպես որ տեղի ունեցավ 2008 թվականի օգոստոսին, ինչի համար էլ նրանք կողմ չեն արտահայտվում Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելուն:
«Պետք է ընդգծեմ, որ Վրաստանի իշխանությունները նախկինի նման շարունակելու են Ռուսաստանի հանդեպ պրագմատիկ քաղաքականությունը, և նյարդերի հետ կապված որևէ խնդիր չի լինելու»,- նշել է Աբաշիձեն։









































