Այսօր Սերժ Սարգսյանին է ներկայացվելու սահմանադրական փոփոխությունների վերջնական տարբերակը, որն էլ հաստատվելուց հետո կներկայացվի արդեն Ազգային ժողովին: Այն Ազգային ժողովին, որի ՀՀԿ-ական պատգամավոր է, օրինակ, Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը: Նրա թիկնապահները մի քանի օր առաջ ծեծի են ենթարկել «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին ու նրա կնոջը, որը հղի էր և կորցրել է երեխային, ինչպես հայտարարում է Մարտիրոսյանը:
Եվ ահա, այդ խորհրդարանական մեծամասնության դատին էլ ներկայացվելու է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, և Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, գեներալներ Մանվելն ու Սեյրանը, անգրագետ, կիսագրագետ, քրեական, կիսաքրեական ՀՀԿ-ականները պետք է որոշեն, թե ինչպիսի Սահմանադրությամբ, կառավարման ինչպիսի մոդելով է իր կյանքը շարունակելու Հայաստանի Հանրապետությունը: Ռազմա-ֆեոդալական և քրեա-օլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչները պետք է Հայաստանի սահմանադրական կառավարման մոդել որոշեն:
Դա արդեն վաղուց ծիծաղելի չէ: Դա արդեն վաղուց ողբերգություն է, պետական ու ազգային ողբերգություն, որ սկսվել է Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ (Թոխմախի Մհերը, օրինակ, 2008-ին հայտարարում էր, թե ինչպես է 1996-ին ընտրություններ կեղծել Լևոն Տեր-Պետրոսյանի համար), որի պաշտոնավարման տարիներից հիշյալ կերպարները հայտնվեցին իշխանական մատույցներում և պաշտոններում, շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, հիմա էլ շարունակվում է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Հայաստանում ոչ թե Սահմանադրություն է գործում, այլ անսահման ցինիզմ՝ ցինիզմի անսահմանադրություն: Ամենավտանգավորն այն է, որ այս շրջանակը ըստ էության պարուրել է Հայաստանի ողջ ներքաղաքական կյանքը. «պասերով» խաղալով օրակարգ են թելադրում, թելադրում են արժեքներ, բարքեր՝ լծված լինելով հավաքական վերարտադրության ընդհանուր գործին, միասնական ջանքերով Հայաստանում խեղդելով որևէ այլ օրակարգի և գործընթացի ձևավորման փորձերն անգամ: Իսկ քանի որ այս առումով ռեսուրսները, այսպես ասած, անհամեմատելի են, այդ փորձերը ընթանում են միանգամայն հաջողությամբ:
Եվ դրանցից մեկն էլ ըստ էության սահմանադրական փոփոխությունների գործընթացն է, որում այսպես ասած կողմ կամ դեմ դիրքորոշումը, ըստ էության, առանցքայինն ու կարևորը չէ: Կարևորը գործընթացն էր ինքնին, որ պարտադրվել է հասարակությանը, որով ապրեցնելու են հասարակությանն այսպես ասած մինչև ձմեռ, որից հետո արդեն կգա նախընտրական տարին, և ավելի հեշտ կլինի տեսարաններով ապահովել բոլոր առումներով ձեռնունայն ու մերկ հասարակությանը զբաղեցնելու խնդիրը, առավել ևս, որ մինչ այդ սահմանադրական գործընթացի ծիրում ձեռք բերված կլինեն պայմանավորվածությունները, առնվազն հիմնական մասով, խորհրդարանական ապագա մանդատների կապակցությամբ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































