Գերմանիայում շուրջ 50 փախստական հարձակվել են Թյուրինգիա դաշնային տարածքի ոստիկանության վրա, որի արդյունքում 13 մարդ վիրավորվել է, հայտնում է գերմանական Focus պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը:
Ըստ տվյալների՝ անկարգությունները սկսվել են չորեքշաբթի երեկոյան Զուլ քաղաքի փախստականների ճամբարում, երբ ներգաղթյալներից մեկը սկսել է պատռել Ղուրանի էջերը, ինչն էլ առաջացրել է ավելի քան 20 փախստականների զայրույթը: Դրանից հետո խմբին միացել է ևս 30 մարդ:
Տղամարդը փորձել է թաքնվել պահակակետում, սակայն կատաղած ամբոխը հետևել է նրան: Շուտով հայտնվել են ոստիկանները և ամբոխի ուշադրությունը գրավել իրենց վրա: Փախստականները սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Արդյունքում տուժել է առնվազն երեք ոստիկան:
Անկարգությունները տևել են 4 ժամ: Իրավիճակը կարգավորելու համար մոբիլիզացվել են նաև շրջակա քաղաքների ոստիկանները: Ինչպես հայտնում է պարբերականը, բախման հետևանքով տուժել են ոչ միայն ոստիկանները, այլ նաև նրանց ծառայողական մեքենաները:









































