Այս տարի Գյումրիի օրը կնշվի սեպտեմբերի 5-ին: Այդ մասին այսօր Գյումրիի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքապետ ՍամվելԲալասանյանը:
Քաղաքապետը մանրամասնեց տոնական օրվա միջոցառումները` նշելով, որ այդ օրը նախատեսված է անցկացնել բազմաթիվ մշակութային միջոցառումներ, «Հացի» փառատոն, քաղաքի դարբիններն էլ հանդես կգան սեփական արտադրանքի ցուցադրությամբ:
Ու թեև քաղաքապետը չմանրամասնեց, թե քաղաքի օրվա հետ կապված որքան գումար է հատկացված` նշելով միայն, որ այս մասով հարցը դեռևս քննարկման փուլում է, սակայն շտապեց նշել, որ օրը պատահական չի ընտրվել. ղեկավարվել են օդերևութաբանների կարծիքով, ովքեր այդ օրվա համար անամպ եղանակ են կանխատեսել:
Բալասանյանը նկատեց, որ եղել են դեպքեր, երբ քաղաքի օրը անձրև է եկել ու ստիպված են եղել Վ. Աճեմյանի թատրոնի շենքում շարունակել միջոցառումը:
Ի դեպ, ի ուրախություն գյումրեցիների՝ այդ օրը տեղի կունենա նաև բացօթյա համերգ հայ սիրված աստղերի մասնակցությամբ, ինչպես նաև հրավառություն:
Նշենք նաև, որ համաքաղաքային վերջին զանգի համար քաղաքապետարանը հատկացրել էր ավելի քան ութ միլիոն դրամ: Եվ քանի որ քաղաքապետը հակված է օրը տոնական դարձնել քաղաքացիների համար ու կտրել առօրյա հոգսերից, չի բացառվում, որ այս միջոցառումն էլ քաղաքի սակավ բյուջեի վրա կրկին այդքան կարժենա:









































