Ազգային ժողովի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին հնարավոր է հրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ պետք է քննարկվի սահմանադրական բարեփոխումների նախագահական հանձնաժողովի կողմից ներկայացված Սահմանադրության նոր նախագիծը: Սահմանադրության նախագիծը դեռ Ազգային ժողով չի ուղարկվել, քանի որ դեռ պատրաստ չէ և չի հրապարակվել նախագծի 16-րդ գլուխը՝ «Անցումային դրույթները»:
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը Սահմանադրության նախագծի առաջին 7 գլուխները հրապարակել էր հուլիսի 15-ին, իսկ օգոստոսի 4-ին հրապարակվեցին մնացած 8 գլուխները: Անցած երկու շաբաթների ընթացքում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը այդպես էլ չի կարողանում համաձայնության գալ անցումային դրույթների շուրջ: Անցումային դրույթները չափազանց կարևոր նշանակություն ունեն, որովհետև հենց այդ դրույթներում պետք է բացահայտվի, թե սահմանադրական հանրաքվեից հետո ինչպես է տեղի ունենալու իշխանության փոխանցումը նախագահից վարչապետին:
2017թ. խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու նոր Սահմանադրությամբ, և կառավարությունն էլ ձևավորվելու է ըստ նոր Սահմանադրության, բայց խորհրդարանական ընտրություններից հետո գրեթե մեկ տարի Սերժ Սարգսյանը լինելու է հին Սահմանադրությամբ ընտրված նախագահ: Հենց անցումային դրույթներով պետք է կարգավորվեն այդ մեկ տարվա ընթացքում իշխանության ներսում ձևավորվելիք հարաբերությունները, պետք է հստակեցվի, թե ի վերջո՝ ով է լինելու իշխանության իրական ղեկավարը՝ նոր Սահմանադրությամբ ընտրված վարչապե՞տը, թե՞ հին Սահմանադրությամբ ընտրված նախագահը:
Սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ նախագահ Սարգսյանը սահմանադրական հանրաքվեից հետո կպահպանի իր պաշտոնը և լիազորությունները մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը, և խորհրդարանը նոր նախագահ կընտրի միայն Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո:
Բայց հեշտ է ասել, թե նախագահ Սարգսյանը կպահպանի իր լիազորությունները, ավելի դժվար է գործնականում պատկերացնել, թե դա ինչպես կարող է իրականում տեղի ունենալ: Մի պահ պատկերացնենք, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվել է նոր խորհրդարան, և խորհրդարանական մեծամասնությունը իր կողմից նշանակում է վարչապետ: Նոր Սահմանադրության անցումային դրույթներով էլ գրված է, որ վարչապետի լիազորությունները ուժի մեջ են մտնում միայն 2018թ. ապրիլի 9-ից հետո, երբ գործող նախագահի լիազորությունները դադարում են գործել: Արդյո՞ք անցումային դրույթներում ամրագրված այդ դրույթները բավարար են, որպեսզի կանխեն նորընտիր վարչապետի և իր պաշտոնավարման վերջին օրերն անցկացնող նախագահի հակամարտությունը:
Պարզ է չէ՞, որ նախագահ Սարգսյանը այդ իրավիճակում հանդես է գալու «կաղ բադիկի» կարգավիճակում, և իշխանական համակարգը նրան դիտարկելու է որպես հեռացող նախագահ, ում լիազորությունների ավարտին չափազանց քիչ ժամանակ է մնացել: Կարող են ասել, որ Սարգսյանը շարունակելու է մնալ ՀՀԿ-ի ղեկավարը, և ամենայն հավանականությամբ 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում հենց ՀՀԿ-ն է ունենալու կայուն մեծամասնություն խորհրդարանում, և Սարգսյանը կկարողանա պահպանել իր ազդեցությունը խորհրդարանական մեծամասնության և նրա միջոցով կառավարության վրա այնքան ժամանակ, մինչև կավարտվի իր նախագահության ժամկետը, որից հետո կանցնի «պլան բ»-ի իրագործմանը, այսինքն՝ նախագահության ժամկետի ավարտից հետո իշխանության նկատմամբ վերահսկողության պահպանման նոր միջոցառումների իրագործմանը:
Եթե Սարգսյանի նպատակը իսկապես իշխանությունը նաև 2018թ. հետո պահպանելն է, ապա նա կարող է իշխանությունը կորցնել 2017թ.՝ այն ժամանակ, երբ երկրում կձևավորի նոր խորհրդարան, կընտրվի խորհրդարանի նոր նախագահ և նոր վարչապետ: Անկախ մարդկային կամ կուսակցական հարաբերությունների մակարդակից, նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ նոր վարչապետը փորձելու է իր ձեռքը վերցնել իշխանության լծակները և նախագահին թողնել թոշակառուի կարգավիճակում: Խորհրդարանի նախագահի և վարչապետի իրական դաշինքը կարող է նման իրավիճակ ստեղծել, և կուսակցության ղեկավարի լիազորությունները ամենևին բավարար չեն դրան հակազդելու համար: Իշխանական համակարգը հոգեպես համարելու է, որ ժամանակը աշխատում է վարչապետի օգտին, իսկ նախագահի օրերը հաշված են, և այդ իրավիճակում նրանք իշխանության իրական կրող համարելու են վարչապետին: Իսկ հոգեբանական այդ գործոնը իշխանության պահպանման գործում ավելի մեծ դեր ունի, քան անցումային դրույթներում գրված ցանկացած նախադասություն կամ հոդված:
Սարգսյանի ընդդիմախոսները պնդում են, որ նրա նպատակը, այնուամենայնիվ, խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելն է, որի դեպքում նա կարող է վերահսկել կառավարությանը: Եվ եթե դա իսկապես այդպես է, ապա նա չպետք է սպասի մինչև 2018թ.: Սարգսյանը պետք է լինի ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համարը, իսկ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո հրաժարվի նախագահի պաշտոնից և ընտրվի ԱԺ նախագահ: Միայն այդ դեպքում նա կարող է շարունակել պահպանել վերահսկողությունը խորհրդարանի և դրա միջոցով կառավարության վրա, կարող է իշխանությանը ազդակ տալ, որ ինքը ոչ թե հեռանում է, այլ շարունակում է մնալ և պահպանել իշխանական լծակները: Բայց սա այն դեպքի համար, եթե, իհարկե, նա ցանկանում է պահպանել իշխանության մեջ ունեցած իր դերակատարումը, և չի ցանկանում 2017թ.խորհրդարանական ընտրություններից հետո հրաժեշտ տալ իշխանությանը և իշխանական լծակներին:
Լուսանկարը՝ armtimes.com-ի








































