Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգն առաջարկել է օրենք ընդունել, որը կարգելի ծխախոտի տուփերը տեղադրել ցուցափեղկերում, դրամարկղերի մոտ: Այս մասին մարտի 18-ին հաղորդել է The New York Times-ը:
Եթե ծխախոտի ցուցադրության արգելքն ընդունվի, ապա գնորդները կարող են ծխախոտ ձեռք բերել՝ դրանք խնդրելով միայն վաճառողից: Տուփերը պահվելու են դրամարկղի տակ, վարագույրի հետևում կամ էլ խանութի առանձին հատվածում։
Քաղաքապետի կարծիքով՝ ծխելուց հրաժարվողներին աջակցելու համար նրանց հարկավոր է ազատել ծխախոտ գնելու գայթակղությունից: Բացի այդ, ծխախոտների նկատմամբ ավելի քիչ հետաքրքրություն կառաջանա նաև երիտասարդների շրջանում, ովքեր ավելի քիչ կցանկանան օգտագործել դրանք:
Բլումբերգի առաջարկը կքննարկվի Նյու Յորքի քաղաքային խորհրդում, իսկ այդ կառույցի նախագահ Քրիստինա Քուինը խոստացել է աջակցել դրան: Ընդունման դեպքում այս օրինագիծն առաջինը կլինի ԱՄՆ-ում:









































