Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը Ռուսաստանի հետ կապող Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դարյալի կիրճի հատվածում սահմանափակումներ են մտցվել տրանսպորտային միջոցների շարժի հարցում։
Այդ սահմանափակումները գործելու են օգոստոսի 18-30-ը։ Այդ մասին հայտնել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Շարժը սահմանափակելու մասին որոշումն ընդունվել է առատ տեղումների մասին օդերևութաբանական կանխատեսման հիման վրա։ Թբիլիսիի ժամանակով ժամը 00:00-05:30-ը արգելվել է Դարյալի կիրճով ավտոտրանսպորտի յուրաքանչյուր տեսակի անցնելը։
Մարդատար ավտոմեքենաների շարժն արգելվելու է ժամը 20:30-ից, իսկ 00:00-ից ուժի մեջ կմտնի ավելի քան 30 տեղանոց ավտոբուսների, կցասայլով տրանսպորտի, կիսակցասայլերի շարժը։










































