ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 19-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի/ԱԶԲ/ ներկայացուցիչներին՝ ԱԶԲ-ի Հյուսիս-հարավ ծրագրի Տրանսպորտային ծրագրերի պատասխանատու Արտո Ահոնենի գլխավորությամբ:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ներկա ընթացքը, Առաջին և Երկրորդ տրանշերի միջոցառումների կատարումը:
Գագիկ Բեգլարյանը կարևորել է Տրանշ 3-ի տեխնիկական և թղթաբանական աշխատանքների արագ կազմակերպումը:
«Եվրոպական ներդրումային բանկը /ԵՆԲ/ հաստատել է Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 3-ի շինարարական աշխատանքները 50 տոկոսով համաֆինանսավորելու հարցը: Այժմ անհրաժեշտ է ԱԶԲ-ի համագործակցությունը՝ խորհրդատվական և փաստաթղթային աշխատանքներն արագ կազմակերպելու և Երրորդ տրանշի մրցույթ հայտարարելու համար: Մեզ համար անչափ կարևոր է գործընթացի ճիշտ կազմակերպումը, որպեսզի Առաջին և Երկրորդ տրանշերի աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները Երրորդ և Չորրորդ տրանշերում չլինեն։ Ամեն ինչ պետք է կազմակերպել այնպես, որ արդյունքում ունենանք որակով աշխատանք»,-ընգդգծել է Գ. Բեգլարյանը:
Արտո Ահոնենը տեղեկացրել է, որ ԵՆԲ-ի հետ Հյուսիս-հարավ ծրագրի հատվածների և նախահաշիվների շուրջ արդեն համաձայնության են եկել:
Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է նաև ԱԶԲ-ի Հյուսիս-հարավ ծրագրի Տրանսպորտային ծրագրերի նոր պատասխանատուին՝ Պրիանկա Սենեվիրանտեին, ով կփոխարինի Արտո Ահոնենին:
Նախարար Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել Արտո Ահոնենին արդյունավետ աշխատանքի համար, հույս հայտնել, որ այն կշարունակվի նաև նոր ղեկավարի պաշտոնավարման ընթացքում:








































