Մարտի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարության Արտաքին ծառայության ինստիտուտի` Հարավային Կովկասի երկրների դեսպանություններում աշխատելու համար վերապատրաստվող դիվանագետների խմբի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ավանդական դարձած հանդիպմանը մասնակցած դիվանագետների հիմնական մասը առաջիկայում համալրելու է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դիվանագիտական անձնակազմի շարքերը, ինչի համար ուսումնասիրում են հայոց լեզու, ծանոթանում երկրի քաղաքականությանը, տնտեսությանը, պատմությանն ու մշակույթին:
Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում դեսպան Մարգարյանը հանգամնալից պատասխաններ է տվել ներկաների հարցերին, որոնք առնչվում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանում ընթացող զարգացումներին եւ դրանց առնչությամբ Հայաստանի դիրքորոշմանը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին, հայ-ամերիկյան քաղաքական ու տնտեսական համագործակցությանը եւ այլն:








































