Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Արայիկ Մելքոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված և շուրջ 2 տարի քննված գործով դատավճիռ պետք է հրապարակի:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Գուրգեն Աղաջանյանը, վիրավորվելով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի և նույն վարչության ներկայիս պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի փոխարեն, հայց էր ներկայացրել դատարան՝ «Ժողովուրդ» օրաթերթից պահանջելով վճարել 800 հազար դրամ: Սակայն «վիրավորված» քաղաքացիները գրեթե 2 տարվա ընթացքում ոչ մի դատական նիստի այդպես էլ չներկայացան: Իսկ վիճահարույց հրապարակումն ընդամենը մի նամակ էր, որը խմբագրությունը ստացել էր «Հայփոստ»-ի միջոցով ու զրուցել էր նաև հասցեատիրոջ՝ Կարինե Կիրակոսյանի հետ: Այսինքն՝ օրաթերթը ներկայացրել էր երկկողմանի կարծիք, սակայն հայտնվել դատարանում: Տեսնենք, թե ինչ վճիռ կկայացնի Հայաստանի «ամենաանկախ» դատարանը:









































