Քեմբրիջի դուքսն ու դքսուհին բաց նամակ են գրել բրիտանական առաջատար ԶԼՄ-ներին՝ խնդրելով դադարել հետապնդել իրենց երկու տարեկան որդուն՝ արքայազն Ջորջին: Արքայազն Ուիլյամն ու նրա կինն անհանգստացած են, որ պապարացիները բառացիորեն հետապնդում են տղային: «Դա կարող է մեզ շատ խնդիրներ պատճառել»,- զույգի հայտարարությունը մեջբերում է The Telegraph պարբերականը:
Բաց նամակի հիմք է դարձել օգոստոսի սկզբին տեղի ունեցած տհաճ դեպքը: Անհայտ լուսանկարիչը գրեթե ամբողջ օրը հերթապահել է Ջորջի մոտ, որը դայակի հետ դուրս է եկել զբոսնելու: Պապարացին ավտոմեքենայում նստած փորձել է լուսանկարել արքայազնին: Լրագրողը բացահայտվել է, նա ձերբակալվել է:
«Մենք մեծապես անհանգստացած ենք այդ դեպքից: Ցավոք, դա միակը չի եղել: Ուզում ենք լրագրողներին հայտնել, որ բարձր անվտնագության պայմաններում, որոնցում մենք ենք, մեր թիկանպահների համար դժվար է լինում ԶԼՄ-ների աշխատակիցներին տարբերել հանցագործներից»,- ասվում է Քեյթի և Ուիլյամի նամակում:
Արքայական զույգի մամլո քարտուղարը հույս է հայտնել, որ լրագրողները լուրջ կընդունեն այդ զգուշացումը, և զույգը ստիպված չի լինի նման հարցերի կարգավորմանը մասնակից դարձնել իրենց իրավաբաններին:









































