ԱՄՆ-ն իր «միջուկային զինանոցից» Հարավային Կորեային կտրամադրի բոլոր ռեսուրսները՝ կապված Հյուսիսային Կորեայից եկող՝ միջուկային զենքի օգտագործմամբ «մեծամասշտաբ պատերազմի» սպառնալիքի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էշթոն Քարտերը:
«Հրթիռային ու միջուկային փորձարկումները, որոնք կատարել է Փխենյանը, ինչպես նաև՝ միջուկային հարված հասցնելու սպառնալիքները, չեն նպաստում այդ փակ ու աղքատ երկրի նկատմամբ դիրքորոշման մեղմացմանը»,- նշել է Քարտերը Սեուլում` Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Կվան Չժինի հետ բանակցությունների ավարտից հետո:
Քարտերի խոսքերով՝ Փխենյանի սպառնալիքների միակ արդյունքը կլինի այն, որ համաշխարհային հանրությունը նրա դեմ դուրս կգա։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Ինչպես հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը, Վաշինգտոնն այսուհետ ևս ռազմական օպերացիաները կհամակարգի հարավկորեական բանակի հետ:
Ինչպես հաղորդվել է, ամերիկյան իշխանություններն ուժեղացնում են հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ կապված վերջին շրջանում ԿԺԴՀ-ից հնչող սպառնալիքների հետ:









































