Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն, մասնակցելով Կիևյան գագաթնաժողովին, բարձրացրել է Մեծամորի ատոմակայանի փակման հարցը.
«Չեռնոբիլի վթարն անջնջելի հետք է թողել նախկին Խորհրդային միության բոլոր ժողովուրդների հիշողության մեջ: Այն առաջին հերթին ի ցույց դրեց, որ ռիսկի հիմնական գործոններն են ատոմակայանի ղեկավարման տեխնիկական չափանիշների անկատարությունը, ռեակտորների շահագործումը, հնացած տեխնոլոգիաները:
Մեծամորի ատոմակայանի շահագործման շարունակությունը «լուրջ սպառնալիք» է ստեղծում ողջ տարածաշրջանի և առաջին հերթին Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի ու Վրաստանի համար: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և ԵՄ-ի տվյալներով` այդ ատոմակայանն «ամենապայթունավտանգ» և «տեխնիկապես անհուսալի» ատոմակայաններից մեկն է:
Տարեցտարի այդ ատոմակայանում «առավել է մեծանում» աղետի առաջացման վտանգը: Տարածաշրջանի երկրները և միջազգային կազմակերպությունները պետք է միավորեն իրենց ջանքերը Մեծամորի ատոմակայանը փակել տալու համար:
Բացի այդ, անթույլատրելի է «սեյսմիկ պլանում անկայուն» տարածք հանդիսացող Հայաստանում, ուր արդեն իսկ տեղի են ունեցել ավերիչ երկրաշարժեր, նոր ատոմակայանի կառուցումը:
Ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայնի վթարն ի ցույց դրեց ատոմային էներգետիկայի խոցելիությունը բնական աղետների հանդեպ և վերջնականապես կործանեց դրա բացառիկ հուսալիության ու անվտանգության առասպելը»:
Նշվում է, որ Կիևի գագաթնաժողովին մասնակցել են աշխարհի տարբեր երկրները ներկայացնող ավելի քան 60 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 17 նախագահներ ու վարչապետեր:
Հիշեցնենք, որ TÜRKSAM միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սինան Օղանը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ Մեծամորի ատոմակայանի արդիականացումը «հավասարազոր» կլինի տարածաշրջանին միջուկային հարված հասցնելուն:







































