Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Անկարայում ավարտվել է Թուրքիայի վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ Ահմետ Դավութօղլուի հանդիպումը «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։ Հանդիպումը տևել է 1.5 ժամ, դրան մասնակցել են նաև Օմեր Չելիքը՝ ԱԶԿ-ից, և Հալուք Քոչը՝ ԺՀԿ-ից։
Հանդիպման ժամանակ քննարկվել է կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցը, սակայն կողմերին չի հաջողվել պայմանավորվել տվյալ հարցի շուրջ։ Հանդիպումից հետո ԱԶԿ-ում և ԺՀԿ-ում Reuters գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկիրը պատրաստվում է երեք ամիս անց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն։
Սրանից առաջ ԱԶԿ-ի ու ԺՀԿ-ի պատվիրակություններն ունեցել են 5 առանձին հանդիպում, և մոտ 35 ժամ քննարկել են կոալիցիա ձևավորելու հարցը։ Այդ հանդիպումներն ավարտվել էին օգոստոսի 3-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական մամուլը հայտնել էր, որ Դավութօղլուի ու Քըլըչդարօղլուի այսօրվա հանդիպումը լինելու է կոալիցիա ձևավորելու հարցով վերջին հանդիպումը, և եթե դա ավարտվի անարդյունք, ապա Դավութօղլուն ևս մեկ անգամ կհանդիպի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ։









































