Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդայի» կողմից «Կովկասի իմարաթի» ֆինանսավորման համար ուղարկված հինգ միլիոն դոլարի վերջին փոխանցումն անհետացել է Ադրբեջանում, քանի որ շղթայի մասնակիցներից մեկը չի կարողացել ավելի առաջ գնալ։ Լրատվամիջոցն ընդգծում է, որ Դաղստանում իրականացված հատուկ գործողության ժամանակ Մահոմեդ Սուլեյմանովի սպանվելն ու գումարի կորուստը վերջ կդնեն նրա գլխավորած «Կովկասի իմարաթ» ահաբեկչական կազմակերպությանը։
Փորձագետները կարծում են, որ զինյալների համար բարդ կլինի նոր առաջնորդ գտնելը, սակայն մտավախություններ կան, որ դրանից կարող է օգտվել ԴԱԻՇ-ը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ՆԳՆ ներքին զորքերի ու ԱԴԾ-ի հատուկ ստորաբաժանումների կողմից Դաղստանում անցկացված հատուկ գործողության ժամանակ սպանվել է 4 զինյալ, որոնցից մեկն էլ Սուլեյմանովն է։
Նա ընթացիկ տարվա ապրիլից հայտարարվել էր «Կովկասի իմարաթի» ղեկավար։










































