Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում սակագների կարգավորման ուղղուղությամբ խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացնելու է «Դելոյթ և Տուշ» աշխարհահռչակ ընկերությունը: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում:
«Խորհրդատվության առաջարկ էր ներկայացվել հինգ խոշոր խորհրդատվական ընկերության: Մենք առաջարկներ ստացել էինք երկու խոշորագույն ընկերությունից՝ «Դելոյթ և Տուշ» և «Մաքքենզի ընդ Քոմփանի» ընկերությունից: Արդյունքներն ամփոփվել են և հաղթող է ճանաչվել «Դելոյթ և Տուշ» ընկերությունը, որը տվել է անհամեմատ ավելի ցածր գնային առաջարկ: Աշխատանքները կսկվեն անմիջապես պայմանագրի կնքումից հետո»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդատվության արդյունքներով հանրությունը և կառավարությունը կստանան իրենց հուզող շատ հարցերի պատասխաններ: ««Դելոյթ և Տուշ» ընկերությունը միջազգային համբավ ունեցող խոշոր ընկերություն է և կարծում եմ, որ նրա եզրակացությունից հետո մենք կունենանք առաջ գնալու հիմքեր»,- ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է նաև, որ ՀՀ կառավարությունն աշխատում է ռուսական կողմի հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աուդիտ իրականացնելու ուղղությամբ: Վարչապետի խոսքով՝ աուդիտի գործընթացը շուտով կսկսվի:









































