Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ, այն բանից հետո, երբ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) վետո կիրառեց 7 անկախ քուրդ թեկնածուների նկատմամբ, Թուրքիայի տարբեր շրջաններում քրդերը բողոքի մեծ ցույցեր են կազմակերպել:
Գրանցված բախումների արդյունքում վիրավորվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 9 ոստիկան, իսկ ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 234-ի: Ձերբակալվածների մեջ կան նաև 80 կին և երեխաներ:
Այս ամենը մեծ ազդեցություն է ունեցել, և այժմ նշվում է, որ YSK-ն կարող է հետքայլ կատարել ու թույլատրել քուրդ թեկնածուներին՝ մասնակցելու հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Հիշեցնենք, որ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, մեկնաբանելով YSK-ի որոշումը, հայտարարել է, որ դրանով թուրքական իշխանությունները ցանկանում են շարունակել քրդերի դեմ պատերազմը:











































