Հացադուլի իններորդ օրը նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն լավ է զգում:
Ազատության հրապարակում այսօր սարսափելի ցուրտ է, սակայն ժամը 10:30-ից սկսած՝ շատ քաղաքացիներ են գալիս և ստորագրությամբ միանում ուրբաթ օրվանից մեկնարկած ակցիային: Ստորագրելով ձևաթղթի տակ՝ քաղաքացին ընդունում է, որ ՀՀ նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը, պարտավորվում է զորակցել շարժմանը և ապրիլի 9-ին մասնակցել նոր Հայաստանի երդմնակալությանը:
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ հստակ չի կարող ասել, թե արդեն քանի մարդ է ստորագրել, սակայն իրենց ակցիային մասնակցողների թիվը գնալով աճում է. «Թիվը՝ չգիտեմ, բայց սարսափելի հոսք կա, մարդիկ դրական են արձագանքում, հաշված րոպեների ընթացքում տասնյակներով ստորագրեցին: Ձևաթղթից տանում են գյուղեր, մարզեր և բարեխղճորեն հետ բերում: Առավոտյան ընդունեցի տասնյակ ստորագրություններ, անգամ 85 տարեկան մի պապիկ հազար ստորագրություն է այսօր բերել»:
Հարցին՝ ակցիայի նպատակն է ցույց տալ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրականում 500.000-ից ավել ձա՞յն է հավաքել, Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Նաև. ես չեմ կարող ասել, թե ինչ կստացվի վերջում, վերջին հաշվով՝ սա դեռևս միայն Ազատության հրապարակում կազմակերպված գործընթաց է: Եթե ակցիան տեղափոխենք մարզեր և այլ բնակավայրեր, վստահ եմ, որ ավելի շատ ստորագրողներ կլինեն»:
Պարոն Սաֆարյանին նաև խնդրեցինք անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի՝ ստվերային կառավարություն ստեղծելու առաջարկին: Նա նշեց, որ ինքը դեմ է, սակայն սուր չի քննադատում, որովհետև դա առայժմ ընդամենը առաջարկ է:
«Ես ինքս այլ մոտեցում ունեմ, հասարակությունը դա չպետք է ընկալի որպես որոշում՝ քայլ, որն անպայման կատարվելու է: Սա մի հրապարակ է, որտեղ սկսվել են քննարկումներ: Մարդիկ, որոնք ունեն պատկերացումներ, որոշակի գործողություններ, ծրագրեր «բարև» շարժման վերաբերյալ, ուղղակի գալիս, այստեղ ներկայացնում են:
Մի կողմից՝ ուրախ եմ, որ այն արժանացել է բուռն հասարակական քննարկման, բայց մյուս կողմից էլ՝ ուզում եմ կարծիք հայտնողներին ասել՝ բացի տեսակետ արտահայտելուց, այլ կարծիքներ չարտահայտեն, որովհետև դա ընդամենը շարժման մի ներկայացուցչի տեսակետ է, ինչը ամբողջ շարժման տեսակետը չէ: Հասարակությունը դեռևս շատ ու շատ մտքեր ու զարգացումներ կլսի: Դա ընդամենը տեսակետներից մեկն է, մարդիկ կան որոնք ընդհանրապես դեմ են:
Ես «դեմ» տեսակետը կրողներից եմ, բայց ընդհանուր առմամբ, որքան էլ այլ մոտեցման կողմնակից եմ՝ սուր չեմ վերաբերվում այն գաղափարին, որի հեղինակը ես չեմ»,- ասաց նախկին պատգամավորը:










































