ԴԱԻՇ-ը փոխել է ռազմավարությունը. այժմ ահաբեկչական կազմակերպությունը Եվրոպայից գրոհայիններին կոչ է անում ահաբեկչություններ իրագործել իրենց երկրներում՝ Սիրիայում կռվելու գնալու փոխարեն: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական հետաքննության արդյունքները:
Հեռուստաալիքին հաջողվել է կեղծ ինտերնետային էջերի և ծածուկ աշխատող լրագրողի միջոցով կապվել իսլամիստների հետ և տեղեկություն ստանալ ԴԱԻՇ-ի նոր ահաբեկչական ռազմավարության մասին:
Մասնավորապես, պարզվել է, որ Մեծ Բրիտանիայից առնվազն 4 գրոհային, որոնք պատրաստություն են անցել ԴԱԻՇ-ի սիրիական ճամբարներում, վերադարձել են Միացյալ Թագավորություն՝ այնտեղ ահաբեկչությունների պատրաստությամբ զբաղվելու համար:
Հետաքննության արդյունքներով՝ ահաբեկչական խմբավորումը ներկայումս իր կողմն անցած բրիտանացիներին կոչ է անում օգնել իրենց համաքաղաքացիների դեմ ահաբեկչություններ իրագործելու հարցում՝ Սիրիայում կռվելու մեկնելու փոխարեն: ԴԱԻՇ-ը հույս ունի ժամանակի ընթացքում Բրիտանիայում լիարժեք ահաբեկչական կազմակերպություն ստեղծել:
Sky News-ի տեղեկությամբ՝ ԴԱԻՇ-ը Եվրոպայում արդեն որոշակի թվով մահապարտ-ահաբեկիչներ ունի՝ պատրաստ առաջին իսկ հրամանի դեպքում հարձակվել:
Հեռուստաալիքը նաև պարզել է, որ ԴԱԻՇ-ի առաջնորդների մեջ շատ բրիտանացիներ կան:
Sky News-ը հետաքննության արդյունքները փոխանցել է բրիտանական իշխանություններին:











































