Դեռ անորոշ է՝ ես չեմ կարողանում տեսնել մեր տեղը ՏԻՄ ընտրություններում: Այսօրվա դրությամբ Կոնգրեսի չձևավորված լինելը բավականին անորոշության մեջ է գցում կոնկրետ մեզ, նորաստեղծ կուսակցության համագումարն էլ տեղափոխվեց մինչև մյուս ամսվա 13-ը, այդ պատճառով էլ ես դեռ չգիտեմ, թե որ ուժի հետ է հնարավոր գնալ առաջիկա ՏԻՄ ընտրություններին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը, ով մասնակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին:
«Ի սկզբանե կուզենայի, իհարկե, տեսնել, որ այդ ուժերը՝ «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, միասնական ցուցակով հանդես գան՝ միգուցե դա երազանք է, բայց կուզենայի, որ այդպես լիներ, ինձ համար ամենաողջունելին դա կլիներ»:
Պարոն Գասպարյանից հետաքրքրվեցինք, որ եթե այս ընտրություններից առաջ էլ ձևավորվի միասնական շտաբ, ինքը կողմ կլինի՞ մասնակցել՝ այն դեպքում, եթե շտաբի անդամ լինի նաև «Բարգավաճ Հայաստանը», վերջինս պատասխանեց. «Եթե բոլորս ի սկզբանե անում ենք մի գործ, որը պայքար է ընտրակեղծիքի դեմ՝ ցանկալի կլինի, որ մեկս մյուսից, այսպես ասած, տեղեկացված լինենք, բայց միասնական շտաբի ձևավորումը, որպես այդպիսին, ես այնքան էլ չեմ ընդունում: Յուրաքանչյուր քաղաքական միավորում, որը մասնակից է ընտրություններին, առավել ևս, որ ունի հանձնաժողովում անդամների մասնակցություն, բնականաբար պետք է նպաստի, որ ընտրակեղծիքներ չլինեն: Կարող են մամուլի ասուլիսներ կազմակերպել՝ միասնական հայտարարություններով, գործողություններն էլ բոլորիս կողմից պետք է լինեն հանուն, այլ ոչ թե ինչ-որ, կոպիտ ասած, իմիտացիոն կամ այլ խաղեր տալով այդ ընտրությունների մեջ մտնելով:
Ես միասնական շտաբի կարևորությունը չեմ էլ տեսնում, որովհետև նախորդ անգամ իբրև թե դա միավորվել էր հանուն նպատակի, որ ընտրակեղծիքի դեմ պայքարենք, բայց այդ պայքարի շոշափելի արդյունքը չտեսա, յուրաքանչյուրը փորձում է իրավիճակից ելնելով մինիմումը փախցնի, այդ մինիմումով բավարարվելու մոտեցումը ինձ համար ելք չի: Չգիտեմ՝ ինչքանով եմ ճիշտ մտածում. ինքը փախցրեց մի բան, ես էլ փախցնեմ՝ այդ տարբերակը ինձ համար ընդունելի չէր»:
Մանուել Գասպարյանը նաև նշեց, որ ինքն ու իր եղբայրը՝ Արթուր Գասպարյանը, երբեք չեն ձգտել լինել որևէ կուսակցության ցուցակում: Նա օրինակ բերեց Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը, որտեղ երկուսն էլ չկային. «Մենք նախընտրում ենք լինել ժողովրդի կողքին, մնացածը երկրորդական հարցեր են»,- եզրափակեց նա:









































