Հանրապետական կուսակցությունը փորձելու է ամեն գնով ցուցադրել այն պաշտոնական արդյունքը, որը արձանագրել է ԿԸՀ-ն նախագահական ընտրություններից հետո, որպեսզի դրանով միջազգային հանրությանը ցույց տա, որ այդ արդյունքը հիմնավոր է:
Մյուս կողմից՝ ստեղծվելու է շատ կոշտ մրցակցություն Րաֆֆի Հովհաննիսյանի ձևավորած քաղաքական թիմի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև, քանզի ԲՀԿ-ն արդեն որերորդ անգամ հայտ է ներկայացնում հանդես գալ երրորդ ուժի կարգավիճակում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը. «Այս անգամ նա ոչ թե իշխանությունների և Հայ ազգային կոնգրեսի միջև է լինելու, այլ Հանրապետական կուսակցության և «Ժառանգության» արանքում, բայց նրան դժվար թե հաջողվի դա անել: Իշխանությունները որքան շահագրգռված են, որպեսզի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վերահաստատվեն քաղաքապետի ընտրությունների միջոցով, նույնքան էլ շահագրգռված են, որ դրանք վերահաստատվեն նաև Րաֆֆի Հովհաննիսյանի մասով՝ այն իմաստով, որ եթե երկուստեք վերահաստատվեն, ապա ավելի համոզիչ կարող են դարձնել արտաքին աշխարհի համար՝ ասելով, որ տեսեք ոչ միայն մեր մասով է վերահաստատվել նախագահական ընտրությունների արդյունքները, այլ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի»:
Խոսելով ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի երեկվա այն հայտարարության մասին, թե իրենք չեն պատրաստվում քաղաքապետի պաշտոնը զիջել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Հ. Հովհաննիսյանն ասաց. «Բարգավաճ Հայաստանը» առանձնապես հույսեր չպետք է տածի, թե իշխանությունները իրենց կտան անհրաժեշտ ֆորա, անհրաժեշտ քարտ-բլանշ «Ժառանգության», այսինքն՝ ընդդիմության հաշվին հավելյալ ձայներ հավաքելու առումով:
Ես կանխատեսում եմ, որ Հանրապետական կուսակցությունը մայիսի 5-ին կայանալիք ընտրություններում կհավաքի 45 տոկոս՝ այն հաշվարկով, որ դրան գումարվի 10 տոկոսանոց բոնուս, և կունենա 55 տոկոս ավագանի՝ հնարավորություն ստանալով քաղաքապետ նշանակել, «Ժառանգությունը» պաշտոնական տվյալներով կստանա 30-35 տոկոս, «Բարգավաճ Հայաստանը»՝ 10-15 տոկոս: Այսինքն՝ Հանրապետական կուսակցությանը այս անգամ բացարձակ ձեռնտու չէ «Բարգավաճի» համար ձայներ ապահովել կամ ինչ-որ բան զիջել, ուստի Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը բացարձակապես զարմանալի չէ»:









































