«Վերելք» քաղաքական վերլուծությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով «ողջամիտ փոխզիջումներին», ինչպես ասել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելուց հետո, ասաց. «Նախ նկատենք, որ փոխզիջում նշանակում է, որ կողմերից երկուսն էլ ինչ-որ բան կորցնելու են: Իրականում լինելու է (եթե լինելու է) հետևյալը. ընդդիմությունը հրաժարվում է նախագահի հավակնությունից, փոխարենը ստանալով իշխանության որոշ հատված: ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն իշխանությունները չեն համաձայնի, քանի որ արդար ընտրություններ անցկացնելու պարագայում ընդդիմությունը կունենա մեծամասնություն, որը կհանգեցնի իշխանափոխության»:
Ա. Պեպանյանի դիտարկմամբ՝ իշխանությունների համար իշխանազրկվելը մահացու վտանգավոր է եղել դեռ առաջին նախագահի ժամանակներից ու այսօր էլ այդպես է. «Այնպես որ, իրենք նախագահի աթոռը ոչ մի կերպ չեն զիջի: Եվ որքան էլ չսիրենք իշխանություններին, ստեղծված իրավիճակում, ուժերի առկա հարաբերակցության պայմաններում, ելքը հանուն ազգի ու պետության համագործակցելն է: Եվ, ընդհանրապես, վաղուց ժամանակն է վարժվենք մասը վերցնելուն, եթե ամբողջը վերցնել տվյալ պահին հնարավոր չէ:
Իշխանությունները հասկացնում են, որ իրենք պատրաստ են որոշակի զիջումների: Իրենք դեմ չեն զիջել մասը, ամբողջը պահելու համար: Բացի դա, ներքաղաքական լարվածությունը գցում է իրենց վարկը արտաքին աշխարհում, հատկապես դոնոր կառույցների մոտ: Մյուս կողմից՝ չեն ցանկանա իրավիճակը սրվի այնպես, որ ուժային միջոցների դիմելու հարկ առաջանա: Եվ վերջապես, իշխանությունները կարծես թե հասկացել են, որ երկիրն աղետի մեջ է, և առողջացման քայլեր են պետք»:
Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գնա փոխզիջման, ճիշտ է, վարկանիշի որոշակի ու ժամանակավոր անկում կունենա, բայց և կբացառի քաղաքականապես ինքնասպանվելու տարբերակը, որից չեն խուսափել մինչ իրեն եղած ընդդիմադիր առաջնորդները:








































