Բրիտանական Financial Times թերթում հրապարակվել է Դևիդ Բլերի «Ադրբեջանը հավասարակշռվում է Արևմուտքի ու հարևանների միջև» խորագրով հոդվածը.
«Ադրբեջանում է գտնվում աշխարհի ամենաբարձր դրոշաձողը, որի վրա ծածանվում է այդ երկրի դրոշը: Այդ ազգային հպարտության ցուցադրումը կարող է վկայել նաև մեծ անվստահության մասին: Ռուսաստանի ու Իրանի միջև սեղմված Ադրբեջանն օգտագործում է իր նավթային պաշարները հզոր հարևանների ստվերում անկախ քաղաքականություն վարելու համար:
Ադրբեջանի ապացուցված նավթային պաշարները գնահատվում են 7 միլիարդ բարել (1 բարելը հավասար է 159 լիտրի), իսկ գազային պաշարները` 1.3 տրիլիոն խորանարդ մետր:
Բաքվի քաղաքական գործիչները կարծում են, որ նախագահ Իլհամ Ալիևը հմտորեն օգտագործում է իրեն բաժին ընկած խաղաքարտերը: Նա ցանկանում է Ադրբեջանին ներքաշել Արևմուտքի ուղեծիր, սակայն միևնույն ժամանակ չի ցանկանում իր դեմ լարել ո´չ Մոսկվային, ո´չ էլ Թեհրանին: Արդյունքում, Ադրբեջանը որոշել է բավարարել բոլոր կողմերին: Դա վերաբերում է գազամատակարարմանը:
Ադրբեջանը տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ է հատկացնելու Ռուսաստանին ու Իրանին (ի դեպ, իրենց գազային պաշարներով աշխարհի երկու առաջատար երկրներին): Բացի այդ, Ալիևը իրանական պետական նավթային ընկերությանը թույլատրել է տիրել «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման կոնսորցիումի բաժնետոմսերի 10 տոկոսին:
Երբ որ «Շահ Դենիզ» հանքավայրում գազի արդյունահանումը կընդլայնվի («Շահ Դենիզ 2»), Ալիևը բավական քանակությամբ գազ կունենա դրա առյուծի բաժինն ուղղելու իր առանցքային գործընկերոջը` ԵՄ-ին: Վերջինս տարեկան կստանա 10 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ:
Ադրբեջանը նաև գազային վաղեմի համաձայնագիր ունի իր դաշնակից ու հարազատ Թուրքիային գազ առաքելու վերաբերյալ` տարեկան 6 միլիարդ խորանարդ մետր:
Դեռևս Հեյդար Ալիևի ժամանակ է կնքվել «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղի համաձայնագիրը, որը Բաքուն կապեց միջերկրածովյան Ջեյհան նավահանգստի հետ: Դա Ադրբեջանին հնարավորություն ընձեռեց սեփական նավթի արտահանման ոլորտում կախված չլինել Ռուսաստանից (ԲԹՋ-ն հանդիսանում է հետխորհրդային տարածքում կառուցված և Ռուսաստանի տարածքը շրջանցող առաջին խողովակաշարը, մինչ այդ ադրբեջանական նավթն առաքվում էր «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով, որին մեծ վնաս հասցրեց ԲԹՋ-ն):
Շահագործելով «Շահ Դենիզ» գազահանքավայրն ու ընտրություն կատարելով միմյանց հետ մրցակցող գազատարների միջև` Ալիևը դրա հետ մեկտեղ կավելացնի գազի արտահանման նոր անկախ երթուղի: Դա կամրապնդի հորից ստացած ժառանգությունը, կամրապնդի նրա իշխանությունը, իսկ երկրի էլիտային հարստացման նոր հնարավորություններ կընձեռի:
Այս ամենը խոսում է այն մասին, որ Ալիևը ձգտում է միաժամանակ վտանգազերծ անել ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանի ձեռք բերած անկախությունը և մերձենալ Արևմուտքի հետ: Բացի այդ, քննադատների կարծիքով` Ալիևը ցանկանում է ավելացնել էներգակիրների վաճառքից ստացվող եկամուտները` սեփական իշխանությունն ամրապնդելու համար: Բաքվում շատերը դժգոհ են չինովնիկների շրջանում առկա կոռուպցիայի մեծ մասշտաբներից:
Ինչպես վայել է միապետին, Իլհամ Ալիևը 2003 թվականին նախագահական աթոռը ժառանգեց իր հորից` Հեյդար Ալիևից: Սակայն եթե Ադրբեջանի Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) նախկին նախագահ Հեյդար Ալիևի իշխանությունը հիմնված էր վախի մթնոլորտի վրա, ապա նրա որդու ազդեցությունը շաղկապված է փողի հետ:
Ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» շարժման նախագահ Իլգար Մամեդովը վստահեցնում է , որ կոռուպցիան ամրապնդում է իշխանական բուրգը: Եթե ադրբեջանական իշխանություններն սկսեն արմատախիլ անել կոռուպցիան, ապա կփլուզվի նրանց ողջ համակարգը»:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին գերմանական Frankfurter Rundschau թերթում տպագրված Նադյա Էրբի «Կովկասում պատերազմի վտանգի առաջացումը» խորագրով հոդվածում նշված էր, որ ԵՄ-ը աչք է փակում պատերազմի հրձիգ Ադրբեջանի ռազմական պատրաստությունների ու այդ երկրում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման դեպքերի վրա, քանի որ Ադրբեջանը հանդիսանում է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա նավթի մատակարար և կարևոր գործընկեր Nabucco նախագծի իրականացման հարցում:








































