Հազարավոր օգտատերեր Instagram հայտնի հավելվածի միջոցով համոզել են ամերիկացի հուսահատված 13-ամյա երեխային՝ Նոա Բրոկլեբենկին, հրաժարվել ինքնասպանությունից, ինչի մասին նա ավելի վաղ հայտարարել էր սոցցանցի իր էջում՝ գրելով, որ պատրաստվում է ինքնասպան լինել: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
Մերիլենդ նահանգի Կոլումբիա քաղաքի 7-րդ դասարանցին երկար տարիներ տառապել է դեպրեսիայի ծանր տեսակով: Դեռ փոքր հասակից նա ստիպված է եղել դիմակայել իր համադասարանցիների ծաղրուծանակին:
«Ես շատ էի տառապում, որ իմ համադասարանցիները ինձ մշտապես անվանում էին ձանձրալի, սարսափելի: Ես ամեն ինչ պատրաստ էի լսել, սակայն երբ խոսք էր գնում ավելորդ քաշիս մասին, կորցնում էի վերահսկողությունս»,- պատմել է տղան:
Ի վիճակի չլինելով տանել տառապանքները՝ տղան մի քանի ամիս առաջ կտրել էր երակները: «Ես գիտեի, որ սխալ եմ գործում, սակայն այլ ելք չունեի: Այդ պահին ես մտածում էի, որ կյանքն ավարտված է ու իմաստ չունի»,- ասում է Բրոկլեբենկը:
Այդ ժամանակ տղան սոցցանցում տեղադրեց իր ձեռքերի վերքերի լուսանկարները՝ սպասելով հասարակության արձագանքին: Առաջինն ահազանգ հնչեցրեց Նոայի մայրը, ով անմիջապես դիմեց մասնագետներին, և դպրոցականին հոսպիտալացրին:
Ներկայում Նոան իրեն անհամեմատ լավ է զգում ու շարունակում է պատասխանել էլեկտրոնային փոստով ստացած նամակներին:











































