Ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պարագայում ուներ երեք ճանապարհ.
«Դա բռնությունների ճանապարհն է կամ հեղավտխության ճանապարհը, մյուսը՝ տուն գնալն ու չայ խմելը: Այս երկու ճանապարհները մերժելով՝ նա ավտոմատ հայտնվում է հացադուլի՝ երրորդ տարբերակի մեջ: Հացադուլով նա այդ խնդիրը քաղաքական դաշտից բարոյական դաշտ է տեղափոխում և փորձում է բարոյական կռիվ տալ: Մեծ հաշվով այս դաշտում ինքը ակամայից է հայտնվել, քանի որ մնացած երկու տարբերակները մերժում է: Իսկ քանի որ այս տարբերակը քաղաքական տրամաբանությունից դուրս է, հանգուցալուծումը մի շարք գործոններից է կախված: Աստված չտա, եթե նրա առողջական վիճակի հետ վատ բան տեղի ունենա, ապա դա իշխանության վրա ծանր կնստի: Իսկ եթե Ր. Հովհաննիսյանը չհաջողեց, նա կհայտնվի այն իրավիճակում, որում հայտնվեց Ստեփան Դեմիրճյանը: Ուստի եթե ընդդիմությունն ուզում էր հաջողության հասնել, ապա կոնսոլիդացված պիտի գործեր: Դա չեղավ, բնականաբար՝ արդյունքը պիտի այդպիսին լիներ: Միայն մեծ համախմբման արդյունքում հնարավոր կլինի հաղթել պետական մեքենային: Այն հսկայական մեքենա է, որը երկրի ողջ վարչական համակարգն է ընդգրկում: Ամբողջ այդ բանակը ողջ ՀՀ-ով մեկ բուրգաձև համակարգով աշխատում է: Ուստի այդ համակարգին հաղթել կարելի է միայն մեծ կոնսենսուսի ճանապարհով»,- «Առավոտին» ասաց Երվանդ Բոզոյանը:









































