Պակիստանի հյուսիս-արևմուտքում ենթադրյալ ահաբեկիչների վրա ԱՄՆ-ի անօդաչու սարքերի հարձակումները «խախտում են Պակիստանի ինքնիշխանությունը»։ Այս մասին հունվարին սկսված հետաքննության արդյունքներով հայտարարել է ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի և մարդու իրավունքների գծով հատուկ զեկուցող Բեն Էմերսոնը:
Ինչպես գրել է Պակիստանի Frontier Post հրատարակչությունը, երկրի կառավարությունը հայտարարել է, որ դեմ է այդ հարվածներին: Հատուկ զեկուցողին են ներկայացվել նաև այդ հարվածների արդյունքում 400 խաղաղ բնակիչների սպանության մասին ապացույցներ:
Հունվարին ՄԱԿ-ը սկսել է հետաքննել որոշ երկրներում այդ սարքավորումների հարձակումների օրինականության հարցը, քանի որ դրանց հետևանքով, որոշ տվյալների համաձայն, հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվում: Հետաքննությունն անցկացվել է անօդաչու սարքերը Պակիստանում, Եմենում, Սոմալիում, Աֆղանստանում և Պաղեստինում օգտագործելու դեպքերի վերաբերյալ:
Բրիտանական «Լրագրողական հետաքննության բյուրո» ոչ առևտրային կազմակերպության տվյալների համաձայն՝ Պակիստանում անօդաչու սարքերի հարվածների հետևանքով 2,6-3,4 հազար մարդ է զոհվել, որոնցից 470-890-ը՝ խաղաղ բնակիչներ:
ԱՄՆ-ը հայտարարել է, որ անօդաչու սարքերի հարվածների ժամանակ ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար:








































