2003-2011թթ. Իրաքում զոհվել է առնվազն 116 հազար խաղաղ իրաքցի և արևմտյան երկրների կոալիցիայի 4800 զինվոր: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով «Լանցետ» բրիտանական ամսագրում հրապարակված հոդվածը, որը հիմնված է առողջապահության ամերիկացի մասնագետների հետազոտությունների վրա:
Հոդվածում նշվում է, որ վերոնշյալ ժամանակահատվածում շատ խաղաղ բնակիչներ վնասվածքներ են ստացել կամ հիվանդացել են առողջապահության ենթակառուցվածքին հասցրած վնասի պատճառով, շուրջ 5 միլիոն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները:
Հոդվածի հեղինակները կարծում են, որ Իրաքում պատերազմը 2013թ. հունվարի 15-ի դրությամբ ԱՄՆ-ին արժեցել է շուրջ 810 միլիարդ դոլար: Սակայն հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ այդ գումարի մի մասը ԱՄՆ-ը պարտք էր վերցրել և այժմ պետք է վճարի պարտքի տոկոսները: Արդյունքում մասնագետների հաշվարկների համաձայն՝ ԱՄՆ-ի համար պատերազմի վերջնական արժեքը կարող է հասնել 3 տրիլիոն դոլարի:









































