Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի կունենա «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: 2013 թ. փետրվարի 27-ին ավարտվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի մասնակցության համար դիմումների ընդունման վերջնաժամկետը: Այսօր հայտնի է, որ մրցույթում ներկայացված են 11 թեկնածուներ: Դիմումներ են ներկայացրել ներքոհիշյալ քաղաքացիները՝ Վահան Արմենի Դավթյանը, Լուսինե Վանիկի Կարապետյանը, Վարանցով Մելքոնի Բարսեղյանը, Ալբերտ Դումիկի Դումիկյանը, Հայկազ Մերուժանի Կարապետյանը, Հրաչյա Պատվականի Հովակիմյանը, Գառնիկ Անդրանիկի Շաբոյանը, Վարդան Ռազմիկի Մամիկոնյանը, Պարգև Անուշավանի Ստեփանյանը, Գագիկ Շմավոնի Հակոբյանը, Արայիկ Ավետիքի Կարապետյանը:
Բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների, բնապահպան ակտիվիստների պնդմամբ՝ տպավորություն կա, որ Բնապահպանության նախարարությունը ցանկանում է այդ պաշտոնում նշանակել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանին: Վերջինս նշանակվել էր արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար անմիջապես այն բանից հետո, երբ արգելոցի տնօրենի պաշտոնի համար ավելի վաղ կազմակերպված մրցույթը չեղյալ էր հայտարարվել. մրցույթին մասնակցած միակ թեկնածուն՝ Նոնո մականունով Գաբրիել Պողոսյանը, խնդրել էր ընթացք չտալ տնօրեն նշանակվելու իր դիմումին, որովհետև մրցույթի ժամանակ նրա պատասխանները հարուցել էր բնապահպանների զայրույթը, ովքեր համոզված էին, որ հաղթած թեկնածուն չի ծառայելու արգելոցին, չի կարողանալու պայքարել որսագողերի դեմ: Գաբրիել Պողոսյանի անունը, որոշ տեղեկությունների համաձայն, կապվում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա եղբայր Ջոնիկի հետ: Ասում էին, որ նա պարբերաբար որսամիս էր մատակարարել Աբրահամյաններին: Ուստի, եթե հաշվի առնենք մամուլի հրապարակումները, թե «Խոսրովի անտառ» արգելոցի Գիլան տեղամասում Հ. Աբրահամյանը ապօրինի շինություն ունի, որի կառուցումը նախկինում բնապահպանների ջանքերի շնորհիվ կիսատ է մնացել, կարելի է ենթադրել, թե ինչ նպատակով էր Հովիկ Աբրահամյանը փորձում առաջ մղել իր մտերիմին:
Այսօր «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնին Գաբրիել Պողոսյանը չի հավակնում, սակայն Հրաչյա Հովակիմյանի մասին ևս բնապահպանները լավ կարծիքի չեն: Նրանց պնդմամբ՝ թեկնածուների շարքում իսկապես արժանավոր մարդիկ կան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բնապահպան, աշխարհագրագետ Լևոն Գալստյանն ասաց, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն՝ տնօրենի լավագույն թեկնածուն Ալբերտ Դումիկյանն է, ով իսկապես ոլորտի մասնագետ է, լավ կրթություն ունի, գիտական աշխատությունների հեղինակ է: Ըստ աշխարհագրագետի՝ նորընտիր տնօրենը պետք է առաջին հերթին լավ մասնագետ լինի, լինի բուսաբան, կենդանաբան, մարդ, որը զգա և հասկանա բնությունը: «Ցանկալի է, որ գիտական ուսումնասիրությունների հեղինակ լինի: Կարևոր է, որ ինքը լավ կառավարիչ լինի և ունենա աշխատանքային փորձ: Իմ կարծիքով՝ չպետք է կապ ունենա գործող համակարգի հետ, այսինքն՝ կարողանա նոր թիմով նոր «Խոսրովի արգելոց» կառուցել, որպեսզի ունենանք օրինակելի արգելոց»,- ասաց Լևոն Գալստյանը՝ հավելելով, որ այդ նոր թիմը, նոր տնօրենի գլխավորությամբ և հանրության բոլոր սեկտորների աջակցությամբ պետք է ապահովի «Խոսրովի արգելոց»-ի ռեժիմը: Բնապահպանի կարծիքով՝ «Խոսրովի արգելոց»-ում պետք է լուծվի ապօրինի կառույցի խնդիրը, պետք է ապահովվի արգելոցային ռեժիմը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այցելել էին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդի տեղամաս, որտեղ հայտնաբերել էին խարույկի հետքեր, խորովածից հետո մնացած կենցաղային աղբ, օղու դատարկ շշեր, մի քանի կենդանու մասնատված (մորթված) դիակներ, կենդանիներին ծառից կախելու երկաթե հարմարանք: Ինչպես տեղեկացրել էին բնապահպանները, մասնավորապես, հայտնաբերվել են նապաստակի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի դիակի մնացորդներ, տարածքում տիրել է անտանելի գարշահոտություն:
Նախաձեռնության անդամները լուսանկարել և տեսանկարահանել էին այն ամենը, ինչ հայտնաբերել էին: Համացանցում և լրատվամիջոցներում տարածված տեսանյութերը մեծ աղմուկ բարձրացրեցին, որից հետո էլ աշխատանքից ազատվեց ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Բարսեղյանը: Արդեն մի քանի ամիս է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վերաբերյալ բնապահպանները հանդես են գալիս բազմաթիվ հայտարարություններով ու կոչերով՝ սկսած արգելոցի տարածքում առկա շինության ապամոնտաժումից, ճանապարհաշինության դադարեցումից մինչև արգելոցի Կաքավաբերդ տեղամասում կատարված որսագողության դեպքի բացահայտում, իրական մեղավորների հայտնաբերում, որոնք, ըստ նրանց, անպայման պետք է պատասխանատվության ենթարկվեն։








































