«Հրապարակը» զրուցել է 2000-2001 թվականների հայաստանյան ընդդիմադիր շարժման լիդեր, գործարար, քաղաքագետ Արկադի Վարդանյանի հետ, որն առաջին օրվանից աջակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժմանը և մասնակցում հանրահավաքներին:
Նա հույս ունի, որ մինչև ապրիլի 9-ը՝ երդմնակալության օրը ստեղծված «ճգնաժամը» կհանգուցալուծվի, որովհետև Սերժ Սարգսյանն իսկապես բարդ վիճակում է, ճնշման տակ, և նա ինքնակամ կհեռանա:
– Ես հույս եմ փայփայում, որ մինչև ապրիլի ինը այս ճգնաժամը կարող է հանգուցալուծվել, որովհետև երբ փորձում ես ինքդ քեզ դնել Սերժ Սարգսյանի վիճակում, խնդիրների աոջև ես դու հանդես գալիս, ապա ստացվում է, որ նրա շուրջ կուտակված խնդիրները բոլորն անլուծելի են, ոչ տնտեսական խնդիր կարող է նա լուծել, ոչ արտաքին քաղաքական, ոչ ներքաղաքական, բարոյահոգեբանական և այլն: Չի կարող լուծել ոչ թե այն պատճառով, որ հիմար է կամ խելքը չի հասնում, կամ չի ուզում, ուղղակի օբյեկտիվ այպիսին է վիճակը: Նա բոլոր տեղերից հիմա ճնշման տակ է՝ և իր շրջապատի, և արտաքին ուժերի, և տնտեսական: Նա իր մեջ ողջամտություն պետք է գտնի, քաղաքական կամքի մասին չեմ խոսում, որովհետև այստեղ արդեն քաղաքական կամքը չի աշխատում, և պետք է հեռանա: Հիմա այն պահն է հասունացել, որ ինքը կարող է հանգիստ թողնի և գնա, ժողովուրդը ձեռքերի վրա նրան կտանի: Չեն թողնի, որ ոչ Լֆիկն իրեն խփի, ոչ Թոխմախի Մհերը, ժողովուրդը կլինի իր թիկնապահը:
– Ի՞նչ ճնշման մասին եք ակնարկում: Պաշտոնական տվյալներով, Րաֆֆի Հովհաննիսյանը 500 հազարից ավելի ձայն է ստացել, բայց այսօր նույնիսկ 100 հազար մարդ չի զալիս Ազատության հրապարակ: Չե՞ք կարծում, որ ինչ–որ բան այնպես չի կազմակերպվում, և պետք է ոչ թե երկիրը լքելու կոչեր անել, այլ քայլերով դրան հասնել: Ի՞նչ է պետք դրա համար անել:
– Մարդկանց քանակությունը չէ, որ որոշում է ստեղծված իրավիճակի աստիճանը: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն ավելի մեծացնելու է այդ աստիճանը, և դուք կտեսնեք, որ ուրբաթ օրվա (այսօրվա) հանրահավաքին այստեղ ասեղ գցելու տեղ չի լինի: Ես դրանում խորապես համոզված եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր գործն արեց, և հիմա նա համարվում է «Բարևի հեղափոխության» սիմվոլ, մնացածը մենք ինքներս պետք է անենք՝ այս հրապարակում կանգնելով: Եվ հետո, պաշտոնական տվյալներին ոչ ոք չի հավատում, երբ հայտարարվեց, որ գոյություն ունի ընտրության իրավունք ունեցող 2 մլն 5 հազար քաղաքացի, արդեն կեղծվեց, որովհետև նույնիսկ այդքան քաղաքացի այսօր չկա երկրում: Ինչ է, համախմբվածությունն այդքան դժվա՞ր բան է: Պետք է հիշել 88-ը: Այդ ժամանակ մենակ բաբոներն էին տանը մնում, որ երեխաներին պահեին, իսկ ի՞նչն է խանգաիում, որ այսօր նույնը կրկնվի: Բան չի մնացել անելու:
– Իսկ գուցե խանգարողը փափուկ մարտավարությո՞ւնն է, հնարավո՞ր է, այս հանրահավաքից սկսած, մարտավարության փոփոխություն լինի:
– Ես, ճիշտն ասած, ընդգրկված չեմ Րաֆֆի Հովհաննիսյանի մտերիմ թիմի և քաղաքական որոշումներ կայացնող խմբի մեջ, սակայն կարծում եմ, որ ամեն ինչի ժամանակը կգա: Րաֆֆին ինքը վերջին հանրահավաքի ժամանակ ասաց, որ ամեն ինչն իր ժամանակն ունի: Հետևաբար, եթե այս պայքարը նույնպես ունի իր տրամաբանությունը, ապա կարծում եմ, որ կոշտ միջոցների ժամանակը ևս պետք է գա, եթե այսօրվա «իշխանությունը» չգիտակցի հեռանալ: Քանի ժողովուրդը չի կատաղել (շատ կներեք արտահայտությանս համար), որովհետև կարող է կատաղել, երբ բաժակը լցվի, և այն ժամանակ շարժումը կդառնա անկանխատեսելի և անղեկավարելի, կվալտները, քարերը վերցնեն, գնան ջարդեն-փշրեն: Այդպիսի բան իհարկե, մենք ոչ մեկս չենք ուզում: Նրանք էլ են խորապես գիտակցում, որ դա հնարավոր է: Վերջին հաշվով, սոված մարդուն ուզում ես քարով խփի-ջարդի, ինքը, մեկ է՝ սոված է մնում: Իսկ մեր ժողովուրդը ոչ միայն հացի պակասից է այսօր սոված, այլ ամենակարևորը՝ արդարության, օրինականության պակասից: Ես կարծում եմ, որ ամենակոշտ քայլը, որ կլինի, դա այն է, որ այս հրապարակում մի օվկիանոս ժողովուրդ լինի, ասեղ գցելու տեղ չլինի, և դա կլինի ամենակոշտ քայլը: Այսօր քանակը մեծ նշանակություն ունի, քանակը որակ է ստեղծում:
– 2008-ին էլ էր Ազատության հրապարակը, Հյուսիսային պողոտան, Մատենադարանի հարակից տարածքը ծփում բազմամարդությունից, բայց իշխանությունները չփախան:
– Լավ է, որ այդ օրինակը բերեցիք, այն ժամանակ ընդդիմության ղեկավարները ժողովրդին անամոթաբար խաբեցին: Ես արտասահմանում էի, երբ շատ մարդաշատ հանրահավաքներից մեկի ժամանակ Լևոնը ստիպեց ամբողջ բազմությանը վանկարկել՝ «Ման-վել, Ման-վել» (խոսքը գեներալ Մանվել Գրիգորյանի մասին է): Ես այդ ժամանակ հասկացա, որ սրանք սուտ մարդիկ են, ո՞նց կարելի է ստիպել, որ ժողովուրդը վանկարկի մարդակերի անունը, ո՞նց կարելի է: Ո՞ւր է այդ Մանվելը, չի երևում այսօր, ինչո՞ւ ժողովրդի հետ չի, ժողովրդի մեջ չի:
– Րաֆֆի Հովհաննիսյանի «Հայաստան» կոչերն էլ համախմբման չեն բերում:
– Այդ կոչը շատ բան է պարունակում՝ և մեր բարոյականությունը, և մեր վճռականությունը, և, առաջին հերթին, մեր արժանապատվությունը, որովհետև մեր արժանապատվությունն այնքան են ոտնահարել, այնքան նսեմացրել, որ տեղ ու դադար չկա: Իսկ ժողովուրդը դա ենթագիտակցաբար զգում է և ուզում է դրա վերջը տալ:
– Պարոն Վարդանյան, Ձեր կարծիքով, ի՞նչն է խանգարում միավորվել ընդդիմադիր ուժերին՝ Երևանի ավագանու ընտրություններին միասնական մասնակցելու համար:
– Ես կարծում եմ, որ մեր անկախության առաջին իսկ օրերից մենք ոչ ընդդիմություն ենք ունեցել և ոչ էլ քաղաքականություն՝ բառիս բուն իմաստով, ոչ էլ ունեցել ենք քաղաքական կուսակցություններ: Ես չեմ պատկերացնում ընդդիմությունը որն է, որն է ընդդիմադիր դաշտը: Ինձ կասե՞ք՝ որո՞նք են այն կուսակցությունները, որոնք առաջնորդվում են իրենց գաղափարախոսությամբ, կամ ո՞րն է այդ գաղափարախոսությունը: Դուք կարո՞ղ եք տարբերել, օրինակ, որն է ՀԱԿ-ի գաղափարախոսությունը ԲՀԿ-ի գաղափարախոսությունից, ես չեմ կարող, որովհետև ծանոթ չեմ ոչ մեկին, ոչ էլ մյուսին, որովհետև դրանք չկան, և այդ սկզբունքներով չէ, որ առաջնորդվում են, ուրեմն գաղափարներ չկան, և չկա նաև ժողովրդի մասին մտածելու հավես: Այդ կուսակցությունները միայն ընդհանուր տորթի կողքը լինելու և տորթից կմճտելու համար են ամբողջ իրենց կյանքում գործում:








































