Եթե աշխարհի բոլոր երկրները չխստացնեն երթևեկության անվտանգությանը վերաբերող օրենսդրությունը, մինչև 2020 թվականը մահացությունը ճանապարհներին 1.2 միլիոնից կարող է հասնել 1.9 միլիոնի: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Աշխարհում տարեկան 1.24 մլն մարդ է զոհվում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, և էական փոփոխություններ չեն դիտարկվում 2007 թվականից»,- ասվում է զեկույցում:
«Աշխարհում ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի մասին» զեկույցում ներկայացված տեղեկությունները վերաբերում են 182 երկրների, որոնցում բնակվում է աշխարհի բնակչության 99 տոկոսը կամ 6.8 միլիարդ մարդ:
ԱՀԿ-ի տվյալներով՝ միջին եկամուտներով երկրներում նկատվում է ՃՏՊ-ներից մահացության ամենաբարձր ցուցանիշը (20.1 մահվան դեպք՝ 100 հազար բնակչի հաշվով), մինչդեռ բարձր և ցածր եկամուտ ունեցող երկրներում ավտովթարներից մահվան դեպքերը համապատասխանաբար կազմում են 8.7 և 18.3 ՝ 100 հազար բնակչի հաշվով:
Ավտովթարներից մահվան դեպքերի 80 տոկոսը բաժին է ընկնում միջին եկամտով երկրներին:
ԱՀԿ-ն նշում է, որ 2010-ին 88 երկրի է հաջողվել իջեցնել ավտովթարների հետևանքով մահացության ցուցանիշը, սակայն ևս 87-ում ցուցանիշն աճել է: Միայն 28 երկրներում, որոնցում ապրում է աշխարհի բնակչության 7 տոկոսը, կան ճանապարհային երթևեկության անվտանգությունը երաշխավորող օրենքներ:
ԱՀԿ-ն նշում է, որ ճանապարհատրանսպորտային տրավմատիզմը մահվան պատճառների ցուցակում 8-րդ տեղում է, իսկ 15-29 տարեկանների շրջանում հանդիսանում է մահվան գլխավոր պատճառը: Ըստ կանխատեսումների՝ համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու դեպքում մինչև 2030 թվականը ՃՏՊ-ներից մահացությունը ցուցակում կզբաղեցնի 5-րդ տեղը:




































