Իսլամական համագործակցության կազմակերպությունը հուսով է, որ Ֆրանցիսկոս I-ի Պապ ընտրվելուց հետո կբարելավվեն քրիստոնյաների և մահմեդականների հարաբերությունները: Այս մասին տեղեկացնում է France Press գործակալությունը՝ հղում կատարելով ԻՀԿ-ի գլխավոր քարտուղար Էքմելեթդին Իհսանօղլուի հայտարարությանը:
Իհսանօղլուն Հռոմի Պապին շնորհավորական ուղերձ է հղել, որի մեջ հույս է հայտնել, որ «քրիստոնյաների և մահմեդականների միջև հարաբերությունները կրկին ջերմ և անկեղծ բարեկամական կլինեն»:
«Այս պատմական պահին ԻՀԿ-ն կրկնում է մահմեդականների և քրիստոնյաների պատմական հաշտության վերաբերյալ ութ տարի առաջ հնչեցրած իր կոչը»,- մեջբերում է գործակալությունը հաղորդագրության տեքստը:
Ավելի վաղ մուսուլմանական աշխարհում ազդեցիկ սունիական «Ալ-Ազհար» համալսարանը նույնպես հայտարարել էր, որ հույս ունի նոր Պապի ընտրվելուց հետո բարելավել հարաբերությունները Վատիկանի հետ:
Բենեդիկտոս XVI-ի օրոք երկու հավատքների ներկայացուցիչների միջև հարաբերությունները փչացել էին գերմանական Ռեգենսբուրգի համալսարանում 2006 թ. Պապի ունեցած ելույթից հետո, երբ նա խոսել էր քրիստոնյաների և մահմեդականների հարաբերությունների մասին և մեջբերել էր Բյուզանդիայի կայսեր՝ Օսմանյան կայսրության և իսլամի տարածման դեմ պայքարող Մանուիլ Երկրորդ Պալեոլոգի խոսքերը Մուհամմեդ մարգարեի մասին:









































