Ներդրումների գծով միջազգային ճանաչված փորձագետ Հովհաննես Իգիթյանն օրերս Ղազախստան էր մեկնել ֆրանսիական պատվիրակության կազմում՝ Ֆրանսիայի խոշոր շինարարական կազմակերպություններից մեկի ներդրումային ծրագրերի շուրջ բանակցությունների նպատակով: Ղազախստանը Մաքսային միության հիմնադիր-անդամներից մեկն է՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ միասին: Չնայած դրան՝ ակտիվ համագործակցում է ԵՄ երկրների հետ: Հայաստանում Մաքսային միություն – Եվրամիություն անդամակցության հարցը դրված է «կամ-կամ»-ի տարբերակով: Հենց Մաքսային միության հետ կապված խնդիրների և ներդրումների շուրջ էլ «Առաջին լրատվականը» զրուցեց Հովհաննես Իգիթյանի հետ:
– Մաքսային միության հետ կապված՝ Հայաստանում բավական մտահոգություններ կան: Ղազախստանն այդ միության անդամներից մեկն է։ Ձեր դիտարկումներով՝ իրենց փորձն ինչպիսի՞ն է:
– Մաքսային միության մասին Հայաստանում շատ են խոսում, բայց այն, ինչ որ ես տեսնում եմ, ավելի շատ քաղաքական խոսակցություններ են, այսինքն՝ Մաքսային միությունը դիտարկվում է Հայաստան-Ռուսաստան քաղաքական հարաբերությունների շրջանակներում: Ես չեմ նկատել որևէ լուրջ տնտեսական հաշվարկ՝ արդյոք Հայաստանին դա զուտ տնտեսական տեսակետից շահավե՞տ է, թե՞ ոչ: Ղազախստան-Բելառուս-Ռուսաստան եռյակն արդեն վաղուց է համագործակցում, և մի ժամանակ դա էլ էր քաղաքական, բայց մի քանի հանգամանք կա, որ նպաստում է նրանց համագործակցությանը միությունում՝ դրանք փոխինտեգրված էին, տրանսպորտային խնդիրներ չկան:
Հայաստանը առաջին հերթին պետք է տնտեսական տեսակետից դիտարկի Մաքսային միությունը, իսկ քաղաքական ճնշումները և կարիքները ՀՀ-ն կարող է այլ ձևերով հոգալ ու տանել հայ-ռուսական հարաբերությունների շրջանակներում: Ինչ վերաբերում է Ղազախստանին՝ բացի այն, որ ես օդանավակայանում անցնում էի առանց մաքսային որևէ խոչընդոտի, այլ առավելություն այնտեղ չեմ տեսել: Եվ ամենակարևորը՝ այնտեղ չկա այդ մրցակցությունը՝ Ղազախստան-Արևմուտք, Ղազախստան-Ռուսաստան տնտեսական հարաբերությունների մեջ:
Ես Ղազախստանում ներկայացնում եմ ֆրանսիական ներդրողներին, և որևէ խոչընդոտ Եվրոպայի հետ հարաբերություններում՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, այնտեղ չեմ տեսել: Այսինքն՝ այն հարցը, որ ՀՀ-ում անընդհատ շոշափվում է՝ ԵՄ, թե ՌԴ, այնտեղ դա չի դրվում: Ղազախստանում ես նկատել եմ կամք և ձգտում դեպի ազատ շուկայական հարաբերություններ, այսինքն՝ Ղազախստանը բացում է իր շուկան բոլոր ներդրողների համար, և քանի որ այն բաց է ու մրցակցային, ավելի շատ եվրոպական ընկերություններ են շահում մրցույթները, քան ռուսական: Գաղտնիք չէ, որ տեխնոլոգիան ավելի շատ է զարգացած Հոլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, քան Ռուսաստանում: Պարզ է՝ եթե պետք է ուղղաթիռներ սարքեն (իսկ Ղազախստանն այսօր ուղղաթիռներ է արտադրում), ապա պետք է տեխնոլոգիան լինի եվրոպական: Այսօր Ղազախստանը զարգացնում է, օրինակ, մեքենաշինությունը և լոկոմտիվների հարցում համագործակցում է Իսպանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ: Ռուսաստանն այնտեղ 5-6-րդ խոշոր ներդրողն է, անցած տարի մոտ 1 մլրդ դոլար է ներդրել:
– Ներդրումների հետ կապված՝ կարո՞ղ եք Հայաստան-Ղազախստան համեմատություն անել: Օրինակ՝ մեր իշխանավորներն ասում են, որ անցած տարի ուղղակի ներդրումների ծավալի մոտ 55% անկումը կապված էր զուտ որոշ ծրագրերի փակվելու հետ, նաև համեմատության կոչ են անում, թե մյուս երկրներում ներդրումները նույնպես նվազել են:
– ՀՀ-ում մի քիչ դեմագոգիկ ձևով են հաշվարկում արտասահմանյան ուղիղ ներդրումների ծավալը: Այստեղից է գալիս այդ պրոբլեմը՝ այս կամ այն նախագծի փակումը միանգամից երևում է ցուցանիշի մեջ: Խոսքը պետք է գնա ուղղակի ձևով ներդրման ծրագրերի մասին, ոչ թե այն ծրագրերի, որոնք ներկայումս իրականացնում է որպես օգնություն կամ աջակցություն այս կամ այն միջազզգայն կազմակերպությունը, օրինակ՝ ԵՄ-ն կամ հազարամյակների մարտահրավերի ծրագրով է արվում: Խոսքը հայտնի ֆիրմաների մասին է, որոնք գալիս և ներդրում են անում: Սրանով է որոշվում երկրի օրենսդրության կամ քաղաքական տեսակետից զարգացվածության աստիճանը: Օրինակ՝ Ղազախստանում անցած տարի նախորդի համեմատ 10-15%-ով ներդրումներն աճել են: Եվ առաջիկա 2-3 տարում էլ շատ կաճեն, որովհետև Ղազախստանը շահել է 2017 թ. համաշխարհային էքսպոյի անցկացման իրավունքը: Դա մի կողմից հնարավորություն կտա ստեղծել բուն էքսպոյի հետ կապված ենթակառուցվածքը, բայց մյուս կողմից՝ Ղազախստանը փորձում է ինքը այս 3 տարում այնքան զարգանալ, որ մրցակցի այլ երկրների հետ տեխնոլոգիայի և արդյունաբերության տեսանկյունից: Էքսպո 2017-ը հնարավորություն է տալու միանգամից բազմաթիվ շուկաներ մտնել. այն և՛ էքսպո է, և՛ ցուցահանդես, փորձի փոխանակում, ապրանքի այլ շուկաներ դուրս գալու հնարավորություն: Դա հանդիպման վայր է, որտեղ ներդրողները, արտադրողները, շուկաները, գնորդները, վաճառողները հանդիպում են, կարող են հենց տեղում պայմանագրեր կնքել:
Ես չգիտեմ՝ ՀՀ կառավարությունն ընդհանրապես տեղյա՞կ է, որ նման բան կա: Ընդ որում, Ղազախստանն այն երկիրն է, որտեղ մենք խնդիր չունենք գնալու թե՛ լեզվական, թե՛ մտածողության տեսակետից: Եվ առաջին որոշումը, որ պետք է աներ ՀՀ կառավարությունը, էքսպո 2017-ի նախապատրաստական հանձնաժողով ստեղծելն է:
– Հայաստանը Շանհայում մասնակցեց..
– Այո, Հայաստանը մասնակցեց, բայց ավելի շատ՝ վիրտուալ ձևով: Իսկ Ղազախստանը մեծ մասշտաբով է պատրաստվում: ՀՀ-ն իր ողջ արդյունաբերությունը՝ գյուղարտադրանք և այլն, պետք է ցուցադրի, նաև պետք է այնտեղ գործընկերներ գտնի, նոր նախագծերով այստեղ ներդրողներ բերի: Եթե ճիշտ աշխատես՝ մեծ հնարավորություններ կան:
– Այլ երկրների ներդրումային իրավիճակին ծանո՞թ եք:
– Անցած տարիներին բոլոր երկրները, հատկապես ճգնաժամից հետո, փորձում են այս կամ այն կերպ պայմաններ ստեղծել ներդրումների համար, նույնիսկ ԱՄՆ-ը, որ ատահանելու ռազմավարություն ուներ, այսօր փորձում է ներդրողներ նեգրավել՝ լուծելու թե՛ դեմոգրաֆիայի, թե՛ զբաղվածության խնդիրը: Օրինակ՝ նույնիսկ մի ծրագիր կա, որ խրախուսում է ներդողներին՝ նրանց տալով ներդրողի կացության վկայական: Նույնն անում է ՌԴ-ն՝ իր օրենսդրությունը հարմարեցնելով, որ ներդրումները դրսից անեն հատկապես կոնցեսիոն ծրագրերի մեջ: Ընդհանրապես միտումը կա ներդրումների ծավալների ավելանալու, բայց դա չէ կարևորը, այլ այն, որ երկրները աշխատում են պայմաններ ստեղծելու ուղությամբ՝ հարկային արձակուրդից մինչև օրենսդրության փոփոխություն իրականացնելով:
– Ինչո՞վ կբացատրեք Ղազախստանի հաջողությունն ու Հայաստանի ներկա իրավիճակը, չէ՞ որ երկուսն էլ նույն՝ հետխորհրդային երկիր են:
– Այստեղ մեծ գաղտնիք չկա. եթե շուկադ ճիշտ է զարգացած, եթե դու ազատ մրցակցության էլեմենտ ես մտցնում շուկայի մեջ, անկախ մեծությունից, շուկան դառնում է գրավիչ, և ներդրողները գալիս են այստեղ: Այն, ինչ ասում ենք ՀՀ-ում օլիգարխների կամ կոռուպցիայի մասին, մենք դա չենք ասում ինչ-որ մեկին մեղադրելու կամ «հեռացիր»-ի շրջանակներում: Մենք ասում ենք՝ Հայաստանը սխալ է զարգանում տնտեսական տեսակետից, և այն հանգամանքը, որ ՀՀ-ն ոչ թե ավելի գրավիչ է դարձել, այլ հակառակը՝ ՀՀ-ում 2012-ին, նախորդ տարվա համեմատ, պաշտոնապես 160 մլն դոլարի պակաս ներդրում է արվել: Մոտ այդքան էլ պաշտոնապես ներքին շուկայից գումարի արտահոսք է եղել: Իսկ թե ոչ պաշտոնապես ինչքան գումար է դուրս գնացել՝ դժվար է ասել: Այսինքն՝ ոչ միայն գումար չի գալիս դրսից, այլ նաև մեր ներքին ֆինանսերն են արտահոսում: Նշանակում է, որ զարգացման ամենամեծ հնարավորությունը՝ օտարերկրյա ներդրումները, ՀՀ-ում բացակայում է:
– Ի՞նչն է պատճառը:
– Դա գալիս է, իհարկե, առաջին հերթին քաղաքական մոդելից, և որպես քաքաղաքական մոդելի հետևանք՝ գալիս է կոռուպցիան, հովանավորչությունը, այն, ինչի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը հայտնի խորհրդակցության ժամանակ: Ինքը խոսում էր մրցույթներից, «ատկատ»-ներից, հովանավորչությունից, որը կոռուպիցիայի մասերից մեկն է, և պարզ է, որ այս իրավիճակում օտարերկրյա ցանկացած ներդրող կա՛մ պետք է գնա վերահսկող մարդկանց դուռը ծեծի, փորձի իրենց հետ հայկական ձևով հարաբերություն ստեղծել, որը երբեք եվրոպացին չի անի, կա՛մ ինքը ուղղակի շանս չունի մտնելու այս շուկա:
Եվ ինչո՞ւ պետք է մտնի, երբ աշխարհը բաց է, և ասիական երկրները, որ իրենց ժողովրդավարական չեն անվանում, ավելի բաց են, քան՝ Հայաստանը, որը հայտարարում է, թե բռնել է ժողովրդավարության, ազատ շուկայական երկիր ստեղծելու ուղին: Նույնիսկ Շրի Լանկան, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկիր է, բացում է իր դռները ներդրողների համար: Իսկ Հայաստանում մենք անընդհատ լսում ենք, որ ինչ-որ ընկերություն է փակվել, իսկ եթե ինչ-որ մի կազմակերպություն մտնում է շուկա, նրա դրդապատճառներն այլ են՝ քաղաքական: Օրինակ՝ ռուսական նեդրողներին ես չեմ համարում ուղիղ ներդողներ, որովհետև դա զուտ քաղաքական «գույք՝ պարտքի դիմաց», կամ այլ քաղաքական պատճառներով կոնցեսիայով կառավարման տալն է: Դա որևէ կապ չունի շուկայում ներդրումների հետ, բայց դա հաշվարկում են որպես ներդրում, ու ստացվում է, որ ՌԴ-ն ՀՀ-ի համար 1 ներդրողն է:
Ղազախսատանում, անկախ քաղաքական մոդելից, ես նկատել եմ մի բան՝ նախ նախագահ Նազարբաևը 73 տարեկան է, բայց ծրագրեր է առաջարկում 20-30 տարվա կտրվածքով, և ցանկացած ներդրող տեսնում է, որ ինքը գործ ունի պետության հետ, ոչ թե այս կամ այն անձի: Եվ ինչքան բարձր պաշտոնյաների հետ ես շփվում, այնքան զգում ես, որ այս մարդիկ լուրջ մտածում են իրենց երկրի մասին: Թեկուզ նախարարների որակը,- թող նեղանան մեր նախարարները,- բայց դա անհամեմատելի է: Դու խոսում ես Ղազախստանի նախարարի հետ, և բացի նրանից, որ նա փայլուն խոսում է ռուսերեն և անգլերեն, զգում ես նրա կրթությունը և զգում ես, որ նա ամեն օր աշխատում է իր վրա: Նրանք ֆրանսիացիներից էին հարցնոմ, թե օրենսդրական ինչ բացեր կան իրենց մոտ, որ լրացնեն ու ավելի գրավիչ դարձնեն երկիրը: Եվ դա անկեղծ է: Թե՛ Նազարբաևի, թե՛ կառավարության հայտարարությունները զուտ խոսքեր չեն: Նախագահի հայտարարելուց հետո, թե այս ոլորտում կոռուպցիան պետք է վերացվի, 1 շաբաթում վերանում է՝ անկախ, թե ում բարեկամն է:
Ես Ղազախստանում նաև հարուստ մարդկանց հետ եմ հանդիպել, բայց նրանք օլիգարխ չեն, որովհետև ունենալով շատ ավելի շատ գումարներ, քան ՀՀ հարուստները՝ իրենք չունեն իշխանություն, պետական լծակներ: Ընդ որում՝ վարում են սեփական մեքենան, քայլում փողոցում, մտնում ռեստորան, ոչ մեկին չեն ծեծում, ոչ մի բան չեն խլում: Այս տեսակետից, լինելով ասիական երկիր, Ղազախստանը կարողացավ բարոյական և գրավիչ ներդրումային միջավայր ստեղծել: Եվ խոսքը չի գնում գազի ու նավթի ոլորտի մասին, Ղազախստանն այսօր զարգացնում է արդյունաբերությունը, այն չի ուզում հումքային երկիր լինել: Ղազախստանն արտահանում է ոչ միայն հումք, այլև ավելացված արժեք և դրանով աշխատուժ է կերակրում:
Այս դասական բաները երևի թե չպետք է ասենք, բայց պարզվում է, որ երևի թե կա՛մ չեն ուզում հասկանալ, կա՛մ հասկանում են՝ չեն ուզում կիրառել: Բայց այդ մշակույթի ներդրման անհրաժեշտության ազդակները պետք է անընդհատ ուղարկենք մեր կառավարությանը:
Լուսանկարը PanARMENIAN Photo-ի








































