«Տաշիր» մեդիայի գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը և գործադիր տնօրեն Հրանտ Բաբասյանը այսօր հայտարարեցին, որ անցած տարի Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնող երգչուհի Եվա Ռիվասը որևէ կապ չունի «Տաշիր Գրուպ» ընկերության հետ:
«Եվա Ռիվասը երբեք «Տաշիր»-ի հետ կապ չի ունեցել: Ես պաշտոնական հայտարարություն եմ անում` երբեք ոչ մի կապ «Տաշիր» ընկերության և Եվա Ռիվասի միջև: Ըստ իս՝ նա կապ է ունեցել ուրիշ կազմակերպության հետ, «Արմենիա» պրոդյուսերական կենտրոն կար, ինքը ուներ պրոդյուսեր»,- հայտարարեց Մարկ Սաղաթելյանը և խորհուրդ տվեց Եվա Ռիվասին առնչվող հարցերով դիմել նրա պրոդյուսեր Վալերի Սահարյանին:
Հրանտ Բաբասյանն էլ ընդգծեց, որ «Տաշիր գրուպը» մի ընկերություն է, որը գործարաններ է կառուցում, զբաղվում է բիզնեսի տարբեր տեսակներով և ժամանակ չունի քննարկելու, թե ով ում է հովանավորում կամ ինչ է անում:
Լրագրողները ևս մեկ անգամ ցանկացան ճշտել, թե արդյոք Սամվել Կարապետյանը և «Տաշիր գրուպը» կապ չունե՞ն Եվա Ռիվասի հետ, ինչին ի պատասխան Սաղաթելյանն ասաց. «Անձամբ էդ մարդը հաստատ կապ չունի: Կապ ունեցե՞լ ես, Հրանտ: Ես էլ, ճիշտն ասած, կապ չեմ ունեցել ու, «պրինցիպի», դժվար էլ ունենամ»:
Ի դեպ, Մարկ Սաղթելյանը նկատեց, որ անցած տարիներին «Տաշիր» մրցանակաբաշխության ողջ հասույթը «գնացել է կազմակերպիչների գրպանը», ինքն էլ անվճար է վարել մրցանակաբաշխությունը, իսկ այս տարի իրենք այդ գումարը ծախսել են լավ շոու կազմակերպելու վրա:
Նկատենք, որ անցած տարիներին «Տաշիր» մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսերը եղել է Վալերի Սահարյանը:








































