Էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանի մեկնաբանությամբ՝ արտագաղթը մեր հասարակության առջև ծառացած ամենավտանգավոր խնդիրներից է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս խնդիրը նոր չէ հայ հասարակության համար: Դարեր շարունակ, տարբեր պատճառներից ելնելով, հայերն արտագաղթել են իրենց հայրենիքից:
«Պատահական չէ, որ նախընտրական ծրագրերում նախագահի թեկնածուները ևս բարձրաձայնում էին այս խնդրի մասին: Այս կերպ հնարավոր է շահել ժողովրդի վստահությունը, որովհետև այժմ ավելի մեծ թափով են հայերը գնում արտերկիր, հատկապես խոշոր արդյունաբերական կենտրոններ` աշխատանք գտնելու, աղքատությունը թոթափելու նպատակով»:
Մ. Գալստյանի խոսքով՝ արտագաղթը վկայում է երկրում առկա տնտեսական, սոցիալական խնդիրների մասին, որն իր հետ բերում է ժողովրդագրական և աշխարհաքաղաքական փոփոխություններ: Փոխվում է հայ գյուղի մշակույթը. «Արտագաղթը խթանեց նահապետական գերդաստանների քայքայմանը, սակայն այն ունի նաև դրական միտումներ՝ տրանսֆերտներ են ուղարկվում Հայաստան, սոցիալ-տնտեսական լարվածությունը թուլանում է»:
Ասուլիսի մյուս բանախոս՝ հոգեբան Սամվել Խուդոյանն էլ հավելեց, որ արտագաղթելը ազգային բնավորության առանձնահատկություն է, հայերը շարժվում են «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով. «Հայկական բնավորության առանձնահատկությունը ձևավորվել է հազարամյակների ընթացքում, հին ժամանակներից էլ ունենք արտագաղթի ավանդույթներ»:
Հոգեբանը նշեց, որ արտագաղթի պատճառներից մեկը հայրենասիրության պակասն է. «Արտագաղթը սովորական հայրենադավություն է, արտագաղթում են` «փորի համար ապրելու» համար»:









































