ԱՄՆ-ը վերանայել է իրանական նավթի գնման արգելքը՝ դրանից բացառելով Ճապոնիային ու Եվրամիության 10 երկրների,- հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես հաղորդել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, միջազգային հանրությունը պատրաստակամություն է հայտնում պահպանել ճնշումները Իրանի ռեժիմի վրա, քանի դեռ պահպանվում է միջուկային ծրագրի հարցով անհանգստությունը:
Ընդ որում, իրանական նավթի նախկին խոշոր ներմուծողները դուրս են բերվել այն երկրների ցանկից, որոնք պարտավոր են հետևել նավթային պատժամիջոցներին: Դրանք, բացի Ճապոնայից, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ֆրանսիան և Չեխիան են:
Ջոն Քերին նկատել է, որ ԵՄ երկրներն ամբողջությամբ աջակցել են իրանական նավթի էմբարգոյին, իսկ Ճապոնիան զգալիորեն կրճատել է իր գնումների ծավալը:
Հիշեցնենք. ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը հայտնել էր, որ տնտեսական պատժամիջոցները՝ ուղղված Իրանի նավթային արդյունաբերությանն ու երկրի Կենտրոնական բանկին, լրջորեն վնաս են հասցրել Իրանի Հանրապետության տնտեսությանը, ինչի հետևանքով երկիրը «վերջին 14 տարում առաջին անգամ բախվել է առևտրային պակասուրդի»։









































