«Այդ հայտարարության մեջ մի քիչ խորամանկություն է դրված, մի ամիս շուտ է Վրաստանը ԵՄ բոլոր երկրների հետ միացել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական, ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, «Վրաստան» պարբերական գլխավոր խմբագիր Վան Բայբուրդը:
Ռուսական լրատվամիջոցները հուլիսի 30-ին հաղորդագրություն են տարածել՝ Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին։ Եվ որ այդ մասին նշված է Եվրոպական հանձնաժողովի «Ղրիմի և Սևաստոպոլի շուրջ իրավիճակի պատճառով սահմանափակիչ միջոցներին միանալու մասին» հռչակագրում։ Այս հռչակագրին միացել են նաև Լիխտենշտեյնը, Մոնտենեգրոն, Իսլանդիան և մի քանի այլ երկրներ: Սա ՌԴ-ի համար նորություն չէ: Իսկ թե ինչի համար են ռուսական միջոցները կրկին շրջանառում այս լուրը, այն էլ որպես նոր կատարված իրադարձություն, Վ. Բայբուրդը դժվարացավ գուշակել: «Եվ այսօր ասել, թե Վրաստանը Մոնտենեգրոյի, Ալբանիայի ու մյուսների հետ միացել է ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, նշանակում է, որ ինչ-որ մեկը նորից ուզում է խաղացնել Վրաստանի քարտը կամ Չեռնոգորիայի, Իսլանդիայի քարտը: Բայց թե ինչու են այդպես անում, չեմ կարող ասել»,- ասում է Վ. Բայբուրդը:
Վերջինիս խոսքերով՝ Վրաստանի այսօրվա իշխանությունները նոր ուղիով են գնում և չեն դատապարտում ՌԴ-ին, խուսափում են այդ երկրի նկատմամբ կոշտ դիրքորոշումներ դրսևորելուց և ցանկանում են ավելի մեղմ լինել: Մինչդեռ Ռուսաստանը պատասխան մեղմ դիրքորոշում չի որդեգրում Վրաստանի նկատմամբ: «Հակառակը, շարունակում է ընդլայնել իր օկուպացիան: Ես չգիտեմ, թե ՌԴ-ն էլ ինչ վատ բան կարող է անել Վրաստանին»,- ասում է Վ. Բայբուրդը:
Վրացահայ գործչի խոսքերով՝ ՌԴ-ն անգամ պատժեց Վրաստանին ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին միանալու պատճառով. հուլիսի 10-ին Օսեթիայի կողմից 200-300 մետրով խախտվեց Վրաստանի սահմանը. «Նաև ասեմ, որ երբ Ցխինվալին ասում է՝ Վրաստանի նախկին սահմանը, նկատի ունի 1922 թ. սահմանը, երբ Օրջոնոկիձեի կողմից ստեղծվեց Հարավօսական մարզը: Այդ ժամանակ այդ հատվածները, միևնույն է, մտնում էին Վրաստանի տարածքի մեջ: Մինչև 1945 թվականը այդ սահմանները Վրաստանինն էին: Հարավային Օսիան սահմանը չի քաշում, ՌԴ-ն է քաշում»,- ասում է Վ. Բայբուրդը:









































