Գիտնականները պարզել են, թե ինչու է կարմիր միսը մեծացնում աղիների քաղցկեղի ռիսկը: Պարզվում է՝ պատճառը մսին կարմիր գույն տվող պիգմենտն է: Հեմը հեմոգլոբինի բաղադրիչ է, որը կապում է թթվածինը և օգնում այն տանել մարմնով: Կարմիր մսի մեջ հեմը շատ ավելին է, քան սպիտակի մեջ: Այն պարունակում է երկաթ, որը մսին կարմիր գույն է տալիս՝ հայտնում է Meddaily-ն:
Ուտրեխտի համալսարանի գիտնականները հետազոտություն են կատարել մկների վրա, որոնց հեմ են տվել: Հետազոտությունը ցույց է տվել, որ պիգմենտը վնասել է կրծողների աղիների լորձաթաղանթը: Աղիքային բակտերիաները հեմը վերածել են ծծմբաջրածնի: Այդ քիմիական նյութը վնասել է աղիները ծածկող բջիջները:
Վնասվածքները հարթելու համար բջիջները սկսել են ավելանալ, ինչը մեծացրել է քաղցկեղային ուռուցքների ձևավորման ռիսկը: Սակայն տվյալ գործընթացը հնարավոր էր կանգնեցնել բակտերիաները սպանող հակաբիոտիկներով:








































