Կոլումբիայում և Մեքսիկայում տաքսու հազարավոր վարորդներ ցույցեր են կազմակերպել Uber հավելվածի դեմ, որը հնարավորություն է տալիս տաքսի պատվիրել: Այս մասին հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: Մեքենա կարելի է պատվիրել ինչպես պաշտոնապես գրանցված տաքսու պարկերից, այնպես էլ օգտվել մասնավոր վարորդների ծառայություններից:
Արդյունքում՝ առաջինները տուժում են: Բանն այն է, որ Կոլումբիայի մայրաքաղաքում ուղևորների փոխադրման արտոնագրի արժեքը հասնում է տասնյակ հազարավոր դոլարի, և ներդրված գումարների տեղը հանելու համար համապատասխան սակագներ են պետք: Դրանից օգտվում են մասնավոր վարորդները՝ նրանք արտոնագրի համար չեն ծախսում և հաճախորդներին կարող են տեղափոխել ավելի հարմար գնով: Ավելի վաղ ցուցարարներն արդեն բազմիցս դիմել են իշխանություններին, որպեսզի նրանք փակեն օրենսդրության սողանցքերը, բայց արդյունք առայժմ չկա:
Մեխիկոյում նման իրավիճակ է՝ տաքսու տասնյակ կատաղած վարորդներ որոշել են խնդիրն ինքնուրույն լուծել: Նրանք քարերով, լինգերով հարձակվել են նրանց վրա, ովքեր աշխատում են Uber հավելվածի միջոցով: Մի քանի ավտոմեքենա է կոտրվել, ինչից հետո անկարգություններին միջամտել է ոստիկանությունը:









































