Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Չինաստանում հանդիպել է այդ երկրի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Հանդիպումն անցկացվել է պատվիրակությունների մասնակցությամբ, ինչից հետո երկու երկրների միջև ստորագրվել են համաձայնագրեր։
Թուրքիան և Չինաստանը մասնավորապես ստորագրել են փոխվարչապետների մակարդակով համագործակցության կոմիտե հիմնելու մասին հուշագիր, որի տակ իրենց ստորագրություններն են դրել երկու երկրների արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն ու Վանգ Յին։
Չինաստանն ու Թուրքիան ստորագրել են նաև երկու երկրների միջև առևտրային համագործակցության ու փոխադարձ ներդրումների մասին պայմանագիր։ Էրդողանը Չինաստան է այցելել Սի Ցզինպինի պաշտոնական հրավերով։
Չինական այցի ժամանակ Էրդողանին ուղեկցում են արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, տրանսպորտի, նավագնացության ու կապի նախարար Ֆերիդուն Բիլգինը, առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն։
Սի Ցզինպինի հետ հանդիպումից հետո Էրդողանը հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ։ Դռնփակ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Էրդողանը Չինաստանում ունեցած հանդիպումներում քննարկել է նաև ույղուրների հարցը, որոնց շուրջ Էրդողանի այցից առաջ լարվածություն էր առաջացել երկկողմ հարաբերություններում։
Էրդողանը հիշեցրել է, որ մոտենում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 45-ամյակը, և որ Թուրքիան աջակցում է Չինաստանի տարածքային ամբողջականությանը։ Ընդգծվում է, որ չինական կողմն իր հերթին աջակցություն է հայտնել Թուրքիային՝ կապված ԴԱԻՇ-ի ու PKK-ի դեմ նրա պայքարի հետ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1971 թվականին։ Չինաստանը Թուրքիայի 3-րդ խոշոր առևտրային գործընկերն է՝ Գերմանիայից և Ռուսաստանից հետո: 2014 թվականին Թուրքիայի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 27 միլիարդ դոլար։
Թուրքիայից Չինաստան արտահանման ծավալը կազմել է 2.86 միլիարդ դոլար, որով և Չինաստանը Թուրքիայի արտահանման շուկաներում զբաղեցրել է 19-րդ տեղը (Ադրբեջանը 185-րդն է), իսկ Չինաստանից Թուրքիա ներկրման ծավալը կազմել է 24.91 միլիարդ դոլար (2-րդ տեղը՝ Ռուսաստանից հետո): Չինաստանին են բաժին ընկել Թուրքիայի ողջ ներկրման 10.3%-ը և ողջ արտահանման 1.8%-ը:










































