ՀՀԿ-ականները չեն բացառում, որ Սերժ Սարգսյանը կգնա Ազատության հրապարակ և կհանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Այդ մասին մի քանի օր առաջ հայտարարել էր Գալուստ Սահակյանը, այդ մասին հայտարարում է Հովհաննես Սահակյանը: Միգուցե կլինեն էլի ՀՀԿ-ականներ, որ կասեն դա:
Նրանց խոսքերը, իհարկե, վերջին ճշմարտություն կամ մարգարեության նմուշներ չեն: Ավելին, գուցե հակառակը՝ ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի հնարավոր գործողություններից ամենաանտեղյակ անձինք են, պարզապես ունեն դառը փորձ և այդ փորձից ելնելով են հայտարարում, որ Ազատության հրապարակ նրա գնալը չի բացառվում: Չէ՞ որ նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ բացառվում է Սերժ Սարգսյանի հանդիպումը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Սակայն Սերժ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու Հովհաննիսյանին, և այդ հանդիպումը տեղի ունեցավ նախագահական նստավայրում:
Հիմա ՀՀԿ-ականները ունեն Դավիթ Հարությունյանի դառը փորձը, և այդ իսկ պատճառով էլ նրանք այլևս ոչինչ չեն բացառում և հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակ գնալու խնդիր չունի: Ինչպես ասում են, ՀՀԿ-ականների տառապանքը փորձ ունի, և նրանք փորձում են հիմա ապահովագրվել հիմար դրության մեջ հայտնվելու հեռանկարից՝ «ապահով Հայաստանի» տարբերակով:
Սերժ Սարգսյանն առայժմ ոչ թե Ազատության հրապարակ է գնում, այլ Բրյուսել: Մինչ այդ նա գնաց Մոսկվա և վերադարձավ կարծես թե առանց աղմկոտ նորությունների, համենայնդեպս՝ գոնե առայժմ: Բրյուսելում Սերժ Սարգսյանը մասնակցելու է ԵԺԿ գագաթնաժողովին: Չի բացառվում, որ Ազատության հրապարակ այցելելու մասին որոշումը նա կկայացնի Մոսկվայի և Բրյուսելի այցերի արդյունքների հիման վրա: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը որոշումը կայացնելու է մի ոտքը՝ Արևմուտքում, իսկ մյուսը՝ Ռուսաստանում: Եթե նա որոշի գնալ հրապարակ, ապա ոտքերից առնվազն մեկը պետք է հանի Արևմուտքից կամ Ռուսաստանից: Ո՞ր ոտքով կգնա Սերժ Սարգսյանը, եթե կայացնի այդ որոշումը:
Այստեղ շատ հետաքրքրական էր մարտի 10-ի հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանի ժեստը: Նա հանրահավաքի հարթակը տրամադրել էր հայի հետ ամուսնացած ռուս կնոջ, որը ռուսերեն լեզվով խոսում էր Հայաստանի ժողովրդավարության հաղթանակի, Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակի մասին: Միգուցե այդ խորհրդանշական ժեստով Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում էր Սերժ Սարգսյանի այցից առաջ ճանաչման հասնել Մոսկվայում, որտեղ Սարգսյանին կարող էին հորդորել քաղաքական ճգնաժամը հանգուցալուծել երկխոսությամբ: Բայց Սարգսյանի մոսկովյան այցը վկայեց, որ Ռուսաստանը Հայաստանում ճգնաժամային իրավիճակ չի տեսնում և արձանագրում է ժողովրդի վստահություն Սերժ Սարգսյանի հանդեպ:
Ի՞նչ կասեն Սերժ Սարգսյանին Բրյուսելում այս կապակցությամբ: Եթե ասելիքը տարբերվի Մոսկվայից, ապա Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, կփորձի որոշակի քայլով բավարարել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Բրյուսելի վերաբերմունքը: Ընդ որում, չի բացառվում նաև, որ Սերժ Սարգսյանը փորձի Ազատության հրապարակ գնալու հարցն այնտեղ դարձնել Արևմուտքի հետ բանակցության խաղաքարտ, և չի բացառվում, որ եթե անգամ կայացվի այդպիսի որոշում, ապա մինչև հրապարակ գնալը՝ Սերժ Սարգսյանը կգնա այլ մայրաքաղաք կամ մայրաքաղաքներ:






































