Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` երկրում վերջին օրերին ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածների թիվը հասել է 1302-ի։ Ձերբակալման գործողություններն իրականացվել են Թուրքիայի 81 նահանգից 39-ում։ Այդ մասին հայտնել է վարչապետական ապարատի մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ անվտանգության ուժերի ձեռնարկած հատուկ գործողություններն ուղղված են ԴԱԻՇ-ի, PKK-ի ու DHKP-C-ի դեմ, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը, որպես թիրախ են ընտրել անվտանգության ուժերին և սպառնում են քաղաքացիների անվտանգությանն ու կայունությանը։
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենց գործողություններն ուղղված են ԴԱԻՇ-ից, PKK-ից ու DHKP-C-ից բաղկացած եռյակի դեմ, որոնք, նրա խոսքով, սպառնում են թուրքական պետությանն ու ժողովրդավարությանը։ Դավութօղլուն հայտարարել է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում իրականացվել է 657 ահաբեկչական հարձակում։







































