Էմմա Ուոթսոնը հրաժարվել է նկարահանվել «Մոխրոտիկի» նոր էկրանավորման գլխավոր հերոսուհու դերում, որի բեմադրմամբ կզբաղվի Քենեթ Բրանան՝ գրում է Variety-ն:
Լուրերն այն մասին, որ «Դիսնեյը» բանակցություններ է վարում դերասանուհու հետ, մամուլում շրջանառվեցին 2013թ. փետրվարի վերջին:
Թե հատկապես ինչ պատճառով է Ուոթսոնը հրաժարվել նախագծին մասնակցել՝ չի նշվում:
Ի սկզբանե ենթադրվում էր, որ «Մոխրոտիկի» նոր տարբերակի էկրանավորմամբ զբաղվելու է Մարկ Ռոմանեկը, սակայն «Դիսնեյը» համարեց, որ Ռոմանեկի մասնակցության պատճառով ֆիլմը չափազանց մռայլ կլինի: Արդյունքում՝ ռեժիսորը կլինի Բրանան:
Նոր «Մոխրոտիկ»-ում գլխավոր հերոսուհու խորթ մորը կմարմնավորի Քեյթ Բլանշետը: «Դիսնեյ»-ը հուսով է ֆիլմի նկարահանումներին ձեռնամուխ լինել 2013թ. աշնանը ու այն վարձույթ դուրս բերել 2014թ.:
Էմմա Ուոթսոնը հանդիսատեսին առաջին հերթին հայտնի է Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմերում Հերմիոնա Գրեյնջերին մարմնավորող դերով: Նա վերջին շրջանում նկարահանվել է Դարեն Արոնոֆսկու «Նոյ» ֆիլմում:
Ֆիլմը, որում հանդես են եկել Ռասել Քրոուն, Ջենիֆեր Քոնելին ու Էնթոնի Հոփկինսը, էկրան կբարձրանա 2014թ. մարտին:










































